Հինգ տարին արդեն հասունություն է

2013 թվականը Սփյուռքի նախարարության համար փոքր հոբելյանի տարի էր: Լրացավ գերատեսչության հիմնադրման հինգ տարին: Ուրեմն, ամբողջ տարին յուրատեսակ հաշվետվությունների, ձեռքբերումների և հաշվետվությունների ներկայացման ժամանակաշրջան դարձավ, երբ հոբելյանը ոչ միայն դեպի տոնի զգացում էր տանում, այլև՝ հաշվետվության և վերլուծությունների: Այս մտորումները ծնվեցին նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանի հետ զրույցներից: Նա օգնեց յուրովի ամփոփելու կատարված աշխատանքներն ու ընդգծելու առաջնահերթությունները: Իսկ պարոն Զաքարյանը խոստացավ 2014-ի տարեսկզբին արդեն հրցազրույց տալ հատկապես սիրիահայերի շրջանում տարվող աշխատանքների մասին, քանի որ այսօր համազգային նշանակություն է ձեռք բերել մեր մոտ 11 հազար հայրենակիցների Հյաստանում կեցության ապահովման խնդիրը:

Ես հեռու մնամ գնահատականներ հնչեցնելուց, որովհետև նախարարության աշխատանքը գնահատելը դժվար է և պատասխանատու: Փորձեմ բնութագրել Սփյուռքի նախարարության  անցած ճանապարհը, որը ես կկոչեմ ինքնահաստատման և ինքնադրսևորման շրջան: Անկախության շրջանում մեր երկրում ձևավորված բոլոր նախարարություններն էլ իրենց նախադրյալներն ունեին, իրենց թիկունքում առկա էր անցած ճանապարհը, մինչդեռ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց ընդամենը նախկինում գոյություն ունեցած հասարակական կազմակերպության՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի ավանդույթի հենքի վրա, ինչը նշանակում է, որ որպես գերատեսչություն, պետական կառավարման մարմին՝ նախարարությունն ամեն ինչ պիտի սկսեր զրոյից: Այն, ինչ արվեց այս կարճ ժամանակամիջոցում, ապացույցն է այն բանի, որ նպատակն արդարացված էր, որ մեզ հաջողվեց ոչ միայն մտածել նախարարության կայացման, այլև Հայաստան-Սփյուռք վստահելի, փոխադարձ հարգանքի վրա հենված կամուրջ ձևավորելու մասին: Անկեղծ լինենք, Սփյուռքը, միշտ էլ հին ավանդույթին և ձևավորված մտայնությանը համահունչ, ուներ զգուշավոր վերաբերմունք Հայրենիքի հանդեպ, միշտ չէ, որ հնարավոր էր հասնել առողջ և համակողմանի երկխոսության: Պատճառները միայն կարծրատիպերը չէին, այլև Սփյուռքում գործող տարբեր ավանդական կուսակցությունները, ազգային կառույցներից շատերի տարբեր կողմնորոշումները: Նախարարությունը կոչված էր համակարգելու, որոշակի հուշումներ բերելու, կապեր առաջարկելու, հայեցակարգեր առաջադրելու… Եվ դա հաջողվեց, բարեբախտաբար: Ամենակարևորը՝ փշրվեցին-անէացան անճիշտ պատկերացումները Հայրենիքի մասին, և Սփյուռքն արժևորվեց իր ողջ ներուժով:

Այսօր մեր հանրության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր թերագնահատում են Սփյուռքի նախարարության գործունեությունը, անգամ Սփյուռքում դեռ ոմանք բացասական գնահատականներ են հնչեցնում, խոսում չբավարարված լինելու մասին: Ինչպե՞ս պատասխանենք նման մտայնություններ կրողներին: Ե´վ բացասաբար եմ վերաբերվում քննադատողներին, և´ հասկանում եմ… Շատերը, բնականաբար, խոսում, անգամ քննադատություն են հնչեցնում՝ տեղյակ չլինելով նախարարության գործունեությանը, այն ոլորտներին ու նախաձեռնություններին, որոնք այսօր դարձել են մեր գերատեսչության ուշադրության կենտրոնները, այն հանգրվանները, որտեղ ծավալում ենք մեր գործունեությունը: Երբեմն քաղաքական շահարկումները, երբեմն՝ անտեղյակությունը ծնում են գնահատականներ, որոնք, բնականաբար, իրականության հետ որևէ աղերս չունեն: Իհարկե, մենք ուսումնասիրում ենք ամեն մի քննադատություն, փորձում հետազոտել՝ այդ ամենով առավել արդյունավետ դարձնելով մեր գործունեությունը: Ես հասկանում եմ նաև բոլոր նրանց, ովքեր դեռ բավարարվածություն չեն զգում: Տասնամյակներ շարունակ հսկայական խնդիրներ են կուտակվել Սփյուռքի հետ հարաբերություններում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների իրավական պաշտպանվածության, սոցիալական, կրթական և մշակութային հիմնահարցերում: Անկախության հռչակումից հետո մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները սպասում էին, որ Հայրենիքը միանգամից պիտի դեմքով շրջվեր դեպի իրենց, առաջնային դարձներ Սփյուռքի հիմնահարցերը: Սակայն մենք մեծ փորձությունների միջով անցանք, երկիրը կարծես շատ քիչ ժամանակ ուներ ամբողջապես Սփյուռքով զբաղվելու, որովհետև միանգամից հայտնվեցինք պատերազմի և շրջափակման մեջ, ավերվեցին շատ ենթակառուցվածքներ, առաջադիր դարձան երկրի պաշտպանության ու մարդկանց հաց հանապազօրյայի խնդիրները… Պատահական չէ, որ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց 2008 թվականին: Փոքր-ինչ ուշացած ժամանակ էր, բայց դա հենց այն տարին էր, երբ փոխվեցին երկրի արտաքին քաղաքականության շառավիղները, երբ արձանագրվեցին մի շարք հաջողություններ միջազգային դիվանագիտության մեջ, երբ տարիների ընթացքում ուսումնասիրվեց և հետազոտվեց Սփյուռքը՝ արդեն հրամայական դարձնելով համակարգող կառույցի գոյությունը: Իհարկե, կան մարդիկ, որ դիմում են նախարարություններ՝ ակնկալելով իրենց բոլոր խնդիրների լուծումները, սակայն կան օրենսդրականմ ակտեր, կան սահմանափակումներ, կան հնարավորություններին կապակցվող խնդիրներ… Վազքով մենք չեն կարող հասնել ամեն ինչի: Ժամանակ է պետք, նոր օրենսդրական նախաձեռնություններ են պետք… Բայց որ մարդիկ դիմում են նախարարություն, արդեն նշանակում է, որ հավատում են ու վստահում…

2013 թվականն արդեն հրաժեշտ է տալիս բոլորիս: Եվս մի քանի օր, ու մենք կմտնենք նոր տարվա սահմաններից ներս: Միշտ էլ, տարեփոխի ժամանակ, հետադարձ հայացք հառելու անհրաժեշտություն է առաջանում: Եթե հիմա հետադարձ հայացք հառենք 2013-ին, ի՞նչը կարժևորեինք: Բարեբախտաբար, այնքան բան է արվել, որ դժվար է միայն հիշողությանն ապավինելով խոսել: Նախ, մենք շարունակեցինք ավանդական դարձած մեր նախաձեռնությունները, որոնց մեջ առաջնայիններից մեկը «Արի տուն» ծրագիրն է: Համոզվածորեն ասենք, որ այս ծրագիրը դարձել է մեր երկրի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Օրավուր ավելանում է թիվն այն պատանիների ու աղջիկների, ովքեր ուզում են Հայաստան գալ, տեսնել աշխարհում մեր միակ Հայրենիքը, ապրել մի ժամանակաշրջան Հայաստանում, որը, որքան էլ դժվար օրեր ունենա, այնուհանդերձ, իր փոքրիկ հայրենակիցներին դիմավորում և ընդունում է հոգու ջերմությամբ, սիրով, անգամ՝ ճոխությամբ: Հայրենիքում պրած ամեն մի օրը նրանց համար դառնում է կյանքի դպրոց, մեր արմատներին կապող հրաշալի հանգրվան: Բոլորս էլ մի քիչ ռոմանտիկ ենք, հուզական ենք, սիրում ենք մեր խոսքը հագեցնել բանաստեղծական զեղումներով, սակայն ճշմարիտ հուզումներն ու զեղումներն այդ պատանիների մոտ են, նրանց անկեղծ հիացումների, բաժանվելիս՝ նրանց աչքերում կուտակվող արցունքի կաթիլների մեջ են… Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Սփյուռքում ապրող մեր փոքրիկ հայրենակիցները չկտրվեն մայրենիից, Հայաստանից… Ցավով ենք արձանագրում, որ Սփյուռքը կանգնած է ուծացման վտանգի առջև, այսօր արդեն նոր սերունդը գրեթե հայերեն չի խոսում, ոմանք գուցե չգիտեն էլ, որ հայրենիք ունեն, որը Հայաստանն է: Ուստի «Արի տուն» ծրագիրն այս իմաստով եզակի է: Պատահական չէ, որ կան պատանիներ, որոնք երկրորդ, երրորդ անգամ են գալիս Հայաստան: Շատ պիտի ուզեինք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ լինեն, որպեսզի յուրաքանչյուր տարի կարողանանք մի քանի հազար երեխա բերել Հայրենիք: Կարծում եմ, որ օրավուր պիտի մեծանա նաև Սփյուռքի շահագրգռվածությունն այս հարցում: Մենք ողջ տարվա ընթացքում ներկայացրել ենք նախարարության իրականացրած ծրագրերը, որոնք նաև ավանդական լինելով, համապատսխանեցվում են ժամանակին, նրա պահանջներին: Ամեն ինչի հիմքում, անշուշտ, հայապահպանությունն է, ուստի մեր քայլերն էլ ուղղված են հայապահպանությանը: Ամառային դպրոցի կազմակերևպումը, համահայկական հավաքներն ու խորհրդաժողովները, հատկապես երիտասարդ առաջնորդների համաժողովը, մշակութային բազմաթիվ նախաձեռնությունները, այցերը տարբեր համայնքներ, համայնքային խնդիրների ուսումնասիրությունները, այլ ծրագրեր ու նախաձեռնություններ առաջնային նշանակություն են ստացել:

 Չենք ուզում այսօր անդրադառնալ սիրիահայերի խնդիրներին նվիրված բազմաթիվ նախաձեռնություններին, որովհետև դրանք ակնհայտ են, բացառիկ: Նախարարությունն ահռելի աշխատանքներ է կատարել, և դեռ շատ աշխատանքներ էլ առջևում են: Ինչպիսի՞ն կուզենայինք, որ լիներ 2014 թվականը նախարարության համար: Նախ, կուզենայինք, որ վերջապես Սիրիայում խաղաղություն հաստատվեր, մեր դասական գաղթօջախը վերագտներ իր բնականոն կյանքը, ապրեր լիարժեքորեն, բոլոր նրանք, ովքեր այսօր ծվարել են աշխարհի տարբեր երկրներում, տունդարձի երջանկությունն ունենային: Խոսքս չի վերաբերում այն սիրիահայերին, որոնք արդեն Հայաստանում պատրաստվում են Նոր Հալեպ ավանում ապրել և դառնալ հայաստանցի: Իհարկե, շատ կուզենայի, որ մենք մեծ հայրանադարձություն ապրեինք, ու մի օր լուծարվեր մեր նախարարությունը՝ այլևս Սփյուռք չունենալու պայմանով… Բայց գիտեմ, որ դա միայն երազանքէ… Շատ կուզենայի, որ 2014 թվականին մեր ավանդական ծրագրերին մասնակցեին շատերը՝ և՛ լրագրողները, և՛ ուսուցիչները, և՛ ամառային դպրոցի ունկնդիրները: Ի վերջո, «Արի տունը» դառնար ամենաբաղձալի ծրագիրը… Ուզում ենք շնորհավորել բոլոր սփյուռքահայերին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ, մազթել արևշատություն… Բայց ամենից շատ ուզում եմ մաղթել, որ Հայրենիք բերող ճանապարհը բոլորի համար դառնա իրականություն…

 

Լևոն Մութաֆյան

Scroll Up