ՀԱՕԿ-ը պարգեւատրեց լավագույն մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դեկտեմբերի 26-ին պարգեւատրեց Հայաստանի 2013 թվականի 10 լավագույն մարզիկներին, նրանց մարզիչներին եւ սպորտի մի շարք նվիրյալների:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարզական լրագրողների հարցման արդյունքում` 2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նվիրեց Երեւանի կենտրոնում գտնվող բնակարանի բանալի, 2-րդ տեղը զբաղեցրած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` ամենագնաց կարգի ավտոմեքենա: Մյուս լավագույն մարզիկները ստացան «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Սպորտի ոլորտի մի քանի աշխատակիցներ պարգեւատրվեցին ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի Ոսկե շքանշանով, նրանց թվում ՝ ՀԱՕԿ-ի առաջին նախագահ, ներկայում ՀԱՕԿ-ի նախագահի խորդրդական Ռուբեն Հակոբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի արժանացան լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը եւ ծանրորդ Օգսեն Միրզոյանը, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մեդալի արժանացան մարզական լրագրողներ Գագիկ Բեգլարյանը, Աշոտ Հակոբյանը, Ալյոշա Խաչատրյանը, «Մովսես Խորենացի» մեդալի՝ Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն Իսրայել Միլիտոսյանը:
Պարգեւների արժանացան նաեւ այլ մարզիկներ եւ սպորտի գործիչներ: Հեծանվասպորտի մարզիչ Արմեն Գյոզալյանին շնորհվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում: Հայաստանի սպորտի մի շարք ներկայացուցիչների շնորհվեց Հրանտ Շահինյանի անվան մեդալ:
Պարգեւները մարզաշխարհի ներկայացուցիչներին հանձնեցին Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նրանք ջերմորեն շնորհավորեցին մեր սպորտի երախտավորներին, նորանոր հաջողություններ մաղթեցին նրանց: Նշվեց, որ Հայաստանի մարզական աշխարհի ներկայացուցիչները հուշանվեր են պատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: