Փարիզի «Théâtre du Petit Monde»-ը 100 տարեկան է

Փարիզի «Théâtre du Petit Monde» երգի և պարի դասական, երաժշտական  թատրոնը, որը 1909 թվականին հիմնադրել է Պիեր Հումբլեն, 100 տարվա պատմություն ունի: Երկար տարիներ թատրոնը ղեկավարել է Ռոլանդ Պիլանը: Հենց այս թատրոնի բեմում, 1930 թվականին, իր առաջին դերն է ունեցել վեց տարեկան Շառլ Ազնավուրը:
Մանկության տարիներին, այս բեմի վրա, Ֆրանսիացի հանդիսատեսին իրենց տաղանդով բազմիցս հիացրել են երաժշտասեր ընտանիքից սերված Շառլ և Աիդա Ազնավուրները:
Ինչպես Փարիզից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մոնիկա Առաքելյանը, հունիսի 20-ին, Փարիզի 11-րդ թաղամասի «Օլիմպ դը Գուրժ» «Salle Olympe de Gouge» սրահը բազմամարդ էր, նշվում էր թատրոնի 100 -ամյակը:
Երեկոյի բացմանն իր հուզիչ խոսքն ասաց թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Նիկոլա Ռիգասը:
Նա հիշեց թատրոնի տարբեր ժամանակների մեծերին`Կոլլետ Ռենար, Ռոլանդ Բլանշ, Պոլ Լեդերման, Կլոդ Վեռնիկ, Գի Ռիտորեն և Ջոնի Հոլիդե, որոնք իրենց տաղանդով և արհեստավարժությամբ բարձր հարթակի վրա են պահել թատրոնի անունը:
Նա ողջունեց դահլիճում ներկա Սեդա Ազնավուրին և Շառլ Ազնավուրի ազգականներին:
Նիկոլա Ռիգասը, թատրոնի 100 ամյակի առիթով, բեմադրեց կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի հայտնի  «Փարիզյան կյանքը» որն, ի դեպ, ներկայացված է  այս ամռանը Մոլիերի ամսվան նվիրված Ավինիոնի փառատոնին:
Լուսանկարում`
Սեդա Ազնավուր, Լիլիան Շուքուրյան, Նիկոլա Ռիգաս (թատրոնի ղեկավար), Մադլեն Էքիզյան, Թալին Դուրման, Մոնիկա Առաքելյան,  Այկ Պոտուկյան:
Scroll Up