«Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանում կաշխատեն միայն 63 տարեկանից բարձր անձինք
Հունիսի 18-ին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի և Մաչանենց տուրիզմ արտ սոցիալական ձեռնարկության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի բացումը, որի նպատակն է նպաստել 63 տարեկան և բարձր անձանց սոցիալականացմանը՝ տալով նրանց հնարավորություն աշխատելու և բարելավելու իրենց սոցիալ – տնտեսական վիճակը։
Ինչպես տեղեկացնում են Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ից, միջոցառմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ՀՀ-ում Ճապոնիայի պատվավոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը, Վրաստանի պատվավոր հյուպատոս Սոզար Կվինչիան, դեսպանի խորհրդական Գելա Գելաշվիլին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնա Բուդաղյանը, ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Անահիտ Գասպարյանը, ՀԲԸՄ «ՔՀ կամուրջ» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը, ԵԽՀ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ծովինար Մանվելյանը, Արփինետ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և այլ հյուրեր։
Միջոցառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեցին Մաչանենց գորգերի հավաքածուն և 1996թ. հիմնված Մաչանենց գորգագործության արհեստանոցում գործված գորգերը։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև 92-ամյա կենդանի լեգենդ Հրանտ Հորիզոնի՝ «Երգիծում են Հրանտ Հորիզոնն ու Գուրգեն Լոռեցին» գրքի շնորհանդեսը։