Հոլանդիայում նշվել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150֊ամյակները
Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլնադիայում» կազմակերպությունում հունիսի 17-ին նշվել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150֊ամյակները:
Ցերեկութը սկսվել է Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանից. ներկաներին տեսակապի միջոցով ողջունել է թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը և ներկայացրել Հ.Թումանյանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագները։
Հոբելյանական ցերեկույթը հագեցած է եղել հայ մեծերին նվիրված ելույթներով, միմյանց ընկերությունը փաստող անկեղծ նամակներով, երաժշտությամբ, ասմունքով, բեմադրությամբ ու երգերով։
«Դահլիճում ներկաները զգում էին նրանց շունչը, խոսքը, հոգին ու միանում երգերի կատարումներին` «Անուշ», «Հորովել», «Կաքավիկ» և այլն։ Միջոցառմանը մեծ էր նաև մեր դպրոցի աշակերտների դերը, որոնք խանդավառությամբ արտասանում էին բոլոր բանաստեղծությունները:
Մթնոլորտը տաք ու ջերմ էր, ուրախ ու հայեցի, որտեղ չէր կարող չլինել նաև մեր ազգագրական պարերը։ Շնորհակալ ենք մեր մեծերին՝ մեզ թողած հարուստ ժառանգության համար»,-«Հայերն այսօրին» ասաց Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլնադիայում» կազմակերպության նախագահ Սվետլանա Աբրահամյանը: