Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։
Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնել է տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթել փառատոնին։