Ռուսաստանաբնակ Անջելինա Մկրտչյանը «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող Անջելինա Մկրտչյանը գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։

Փառատոնն անց է կացվել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է «Кубань 24» հեռուստաալիքը։

Փոքրիկ հայուհին ժյուրիի առաջ ներկայացել է երեկոյան զգեստով, ազգային և սպորտային հագուստներով։ Ժյուրիի կազմում հայտնի դիզայներներ, մշակութային գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ են եղել։
«Շատ էի հուզվում, ցանկանում էի հաղթել ու հաղթեցի»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է 7-ամյա Անջելինան։

«Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթն անց է կացվել իտալական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Պիեր Կարդենի հովանավորության ներքո, որը հաղթողի հավակնորդների շարքում նկատել է փոքրիկ հայուհուն և նրան Փարիզ հրավիրել։
Անջելինա Մկրտչյանը, չնայած մրցույթին մասնակցությանը, գերազանցությամբ է ավարտել առաջին դասարանը և լավագույն աշակերտուհի է ճանաչվել, գրում է rusarminfo.ru-ն:

Scroll Up