Ռումինիայի Բանֆի դղյակի տարածքում կայացավ «Հայկական բակ» փառատոնի բացումը

Մայիսի 31-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մասնակցեց «Հայկական բակ» փառատոնի բացմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Փառատոնը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Տրանսիլվանիայի սրտում` Կլուժ-Նապոկա քաղաքում գտնվող հնագույն Բանֆի (Banffy) դղյակի տարածքում (ներկայիս Կլուժի արվեստների թանգարանում), Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Կլուժ նահանգի խորհրդի և Կլուժի արվեստների թանգարանի աջակցությամբ և նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:
Փառատոնի բացման խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի գաղափարի և նախաձեռնության համար, շնորհավորեց Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և միության անդամներին 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայտնեց իր պատրաստակամությունն ընդլայնելու և շարունակական դարձնելու փառատոնը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև տաղանդավոր երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանի «Երկխոսություն» խորագրով  նկարների ցուցահանդեսը` նվիրված Կլուժ և Երևան քաղաքների նմանություններին ու տարբերություններին:
Այցի շրջանակներում նաև տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Կլուժի պետական կառավարման մարմինների, գիտակրթական, մշակութային, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Ավարտին դեսպան Մինասյանն այցելեց Կլուժի ազգային արխիվ, որտեղ արխիվի տնօրեն Իոան Դրագանը (Ioan Dragan) ներկայացրեց արխիվում պահվող նյութերը, որոնք վկայում են այդ տարածաշրջանում տեղի հայ համայնքի դարավոր ներկայության մասին: Դեսպան Մինասյանն ու դոկտոր Դրագանը քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր:
Հունիսի 3-ին Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք) դեսպան Մինասյանը հանդիպեց քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Գեռլա ու Իջևան քույր քաղաքների հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:

Scroll Up