Հայ բանաստեղծի գրքի շնորհանդեսն Իսպանիայում

Իսպանական հանրահայտ «Carena» հրատարակչությունը լույս է ընծայել հայ ժամանակակաից բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի նոր՝ իսպաներեն-հայերեն «Días de paz-Խաղաղ օրեր» երկլեզու գիրքը։

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում է Կարինե Դավթյանը, մայիսի 22-ին Վալենսիայում կայացավ բանաստեղծի գրքի առաջին շնորհանդեսը, իսկ մայիսի 29-ին Բարսելոնայի «Casa del libro» գրախանութի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ շնորհանդես-հանդիպում։

Միջոցառման կազմակերպիչը «Carena» հրատարակչությունն էր՝ համատեղ Կատալոնիայի «Արարատ»  հայկական միության հետ։ Բացման խոսքով հանդես եկավ հրատարակչության գլխավոր խմբագիր ու տնօրեն Խոսե Մեմբրիվեն՝ ընդգծելով. «Սլավի-Ավիկ Հարությունյանն արդի եվրոպական պոեզիայի նշանավոր դեմքերից մեկն է, նման խորքային ու անհատական ոճ այսօր քչերն ունեն»։ Այնուհետեւ իսպանացի հրատարակիչը պատմեց հեղինակի հետ իր համատեղ աշխատանքի մասին՝ շեշտելով, որ այս գիրքը թվով երրորդն է, որ տպագրել է «Carena» հրատարակչությունը։ Գրքի թարգմանական աշխատանքների մասին պատմեց, այնուհետեւ իսպաներեն Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները կարդաց գրքի թարգմանիչ Նարինե Այվազյանը։

Շնորհանդեսի առանցքային մասն էր նաև «Արարատ» հայկական միության կից գործող կիրակնօրյա դպրոցի սաների ելույթը։ Միության նախագահ Սարգիս Հակոբյանը խոսեց հայ բանաստեղծի ստեղծագործությունների մասին՝ կարևորելով հայ համայնքի ու կիրակնօրյա դպրոցի դերը բարսելոնահայերի կյանքում, ինչպես նաև ներկայացրեց դպրոցի պատրաստած երեկոյի ծրագիրը։

Երեխաներն իսպաներեն և հայերեն ասմունքեցին բանաստեղծի «Հայրենիք», «Հայաստան», «Լռությունը» և այլ բանաստեղծություններ։ Իսպանացի հանդիսատեսի համար անսպասելի այս ելույթները տպավորվեցին հատկապես դպրոցի սաների հայերեն երգով, որն ընդունվեց երկար ծափահարություններով։ Վերջում հեղինակը իր շնորհակալական խոսքի հետ ընթերցողներին մակագրեց իր նոր գիրքը:

Scroll Up