«Քոչարին» միավորեց Սարատովի մարզում ապրող հայերին

ՌԴ Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքը ևս միացավ «Արի պարի քոչարի-2019» ֆլեշմոբին:
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին անցկացվում է «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբը: Սա մի փորձ է աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին նույն օրը` մայիսի 25-ին, համախմբելու մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության և մեր փառավոր հաղթանակների:
«Արի պարի Քոչարի». ահա՛ հայ պարն ու հայի ոգին։ Ահա սա՛ է այն «Քոչարին», որը բոլորիս է պատկանում, այն «Քոչարին», որը միայն մեր պապերինը չէ՛, այլև հենց մե՛րն է, ու մեր գալիք սերունդներինը: Այսօր հայ երիտասարդը հպա՛րտ է, որ իր նախնյաց պարի կրողն է ու տարածողը, հայ պատանին հիմա պարում է մեր ավանդական պարերն ամենուր, անգամ հորդառատ անձրևի տակ։ Սա՛ է հայ պարի ուժականությունը, հաղթական «Քոչարու» ոգին: