Հայկական քոչարին Պրահայի կենտրոնում միավորել է հոկեյի երկրպագուներին և զբոսաշրջիկներին. տեսանյութ

«Արի պարի Քոչարի» խորագրի ներքո կազմակերպվող համահայկական ֆլեշմոբին այս տարի ևս միացան Չեխիայի հայերը և Պրահայի կենտրոնում՝ Հին քաղաքի հրապարակում, մայիսի 25-ին հնչեց հայկական զուռնան:
Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են «ՈւՐԱՐՏՈւ» հայ-չեխական միությունից, այս տարվա միջոցառումը նվիրված էր Հայ մշակույթի մեծերին՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որի առիթով էլ հնչեցին Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից հատվածներ, որոնց հաջորդեց հաղթական «Քոչարին», ապա հնչեց Կոմիտասի «Հով արեք, սարեր» երգը, իսկ ավարտին միասնական կատարմամբ Կոմիտասի «Շորոր» պարը:
Չեխիայի Հայ երիտասարդական միության պարախումբը մեծ ոգևորությամբ կատարեց հայկական «Քոչարին» և «Շորորը»: Նրանց պարն այնքան վարակիչ էր, որ անտարբեր չթողեցին Հոկեյի աշխարհի մրցաշարի՝ Չեխիա-Կանադա խաղից առաջ հրապարակում տեղադրված մեծ էկրանի առաջ հավաքված հոկեյի երկրպագուներին, որոնք միացան շուրջպարին՝ իրենց միացնելով բազմաթիվ զբոսաշրջիկների և տեղաբնակների:
Միջոցառմանը մասնակցում էին Չեխիայի տարբեր մարզերից ժամանած հայեր, ինչպես նաև Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանատան նորանշանակ աշխատակիցները, որոնք նունպես ոգեշնչվեցին և միացան շուրջպարին:
Չեխիայի Վիսոչինայի մարզի «ՈւՐԱՐՏՈւ» Հայ-չեխական միությունը շնորհակալություն է հայտնում Չեխիայի Հայ երիտասարդական միությանը, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ գեղեցիկ և հայանպաստ միջոցառում կազմակերպելու համար: