Սանկտ Պետերբուրգը ևս քոչարի պարեց

Մայիսի 25-ին ՌԴ Սանկտ-Պետերբուգում «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբի շրջանակներում տեղի ունեցավ մի անմոռանալի միջոցառում՝ կազմակերպված «Խատուտիկ» էթնիկ կենտրոնի և «Զարթոնք» երգի և պարի անսամբլի կողմից։

Այս տարի տոն դարձած միջոցառումը նվիրված էր հայոց մշակույթի, հայոց խոսքի և երաժշտության ամենավառ հսկաների 150-ամյակին՝ Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին։ Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում է Էլինա Աղաբաբյանը, Սակնտ Պետերբուրգի Կամսկիյ այգում, մեծն Կոմիտասի արձանի շուրջ համախմբված՝ հայերը և այլազգի բարեկամները միասին պարեցին քոչարի: Հյուսիսային մայրաքաղաքին բնորոշ անձրևոտ եղանակը ամենևին միջոցառման տապալման պատճառ չդարձավ։ Զուռնայի ելևէջները, դհոլի զարկերը, քոչարի պարողների ստվար զանգվածը և մանուկների հնչեցրած Կոմիտասի և Թումանյանի ստեղծագործությունները ցրեցին թուխ ամպերը և արևը կրկին ժպտաց։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Հրայր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման միջոցառումները շատ կարևոր են աշխարհով մեկ սփռված հայերի համար, որոնք այդ ամենի շնորհիվ իրենց առավել համախմբված են զգում. «Նմանօրինակ հանդիպումները միայն նպաստում են հայության միասնականությանը և ազգային մշակույթի պահպանմանը»:

«Զարթոնք» պարախմբի գեղարվեստական ղեկավար Ավագ Գաբոյանն իր խոսքում նշեց. «Ինչպես ցույց է տալիս պատմությունը, երբ հայերը միասնական են, նրանց հաջողվում է ջնջել բոլոր քաղաքական սահմանները և ժամանակային գոտիները, և հենց այդ պահին է, որ կյանքի են կոչվում նպատակները։ Այսօր հենց այդ դեպքերից էր։ Ողջունելի է հատկապես այն փաստը, որ ֆլեշմոբին մասնակցեցին բազմաթիվ մարդիկ, որոնց զգալի մասը երեխաներ էին։ Ճանաչելով ազգային արժեքները պարի և մեր մեծերի ստեղծագործություններով՝ ինչպիսիք են Թումանյանն ու Կոմիտասը, այդ երեխաները վաղը կդառնան մեր ազգի փարոսները»:

«Խատուտիկ» էթնիկ կենտրոնի ղեկավար Լիլիթ Շարբաթյանն էլ մեզ հայտնեց, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում Պետերբուրգում հայպահպան գործ իրականացնելուն և առիթը բաց չեն թողնում ազգային մշակույթն ու արժեքները պահպանելու և տարածելու համար:

Մոխրագույն Պետերբուրգը գունավոր ներկած միջոցառումը դրական հուշեր թողեց բոլոր ներկաների սրտերում, ինչի մասին վկայում էին նրանց ժպիտներն ու ցուցաբերած ակտիվ մասնակցությունը։

Այսպիսով, մայիսի 25-ին ողջ աշխարհի հայերը միավորվեցին՝ պարելով «Կարնո քոչարին», Կոմիտասի «Շորորը» և ավանդական Քոչարու այլ տեսակներ:

Հավելենք, որ «Արի պարի Քոչարի» նախագծի նպատակը ողջ աշխարհի հայությանը քոչարի պարի շուրջ համախմբելն է։ Այն առաջին անգամ կազմակերպվել է 2018 թ․ Ֆրանսիայում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով։ Ֆլեշմոբին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի ավելի քան 30 երկրից:

Scroll Up