Ամերիկայում տեղի կունենա Ջավախքի աջակցությանն ուղղված հեռուստամարաթոն

Ջավախքին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի «Սփյուռքի միասնության հարթակ» հասարակական նախաձեռնությունը հունիսի 2-ին «Ջավախքի բարեկամներ» խորագրով հեռուստամարաթոն-դրամահավաք է նախաձեռնել. հանգանակված գումարով նախատեսվում է Ախալցխայում կառուցել մարզամշակութային կենտրոն:

Հեռուստամարաթոնը «Սփյուռքի միասնության հարթակի» առաջին նախաձեռնությունն է: ««Հայդուկը», «Գեոպոլիտիկը», ինչպես նաև ԱՄՆ հայ գրողների միությունն արդեն մի քանի տարի է՝ աջակցություն են ցուցաբերում Սամցխե-Ջավախքի akhaltskha.net կայք-էջին, ինչպես նաև պարբերաբար այցելություններ են կատարվում Ջավախք: 2017 թվականին բավականին մեծ միջոցառում իրականացրեցինք, որին ներկա էր նաև Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Հայաստանի, Վրաստանի պետական այրեր, ինչպես նաև համշենահայերի մի մեծ խումբ: Անցյալ տարի ինքս եմ եղել Ախալցխայում: Ծանոթանալով առկա խնդիրներին, որոնք բավականին լուրջ են, որոշեցինք նախաձեռնել նմանատիպ միջոցառում»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Սփյուռքի միասնության հարթակի» համահիմնադիր, «Գեոպոլիտիկ» ակումբի «Անալիտիկ» ծառայության ղեկավար, «Հայդուկ» միության լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գալստյանը, որը դրամահավաքի կազմակերպիչներից է:

Ախալցխայում մարզամշակութային  համալիրի կառուցումը ո´չ միայն համախմբման օջախ կլինի, այլև երիտասարդները հնարավորություն կունենան իրենց ազատ ժամանակն ավելի արդյունավետ անցկացնել: Ամռան ամիսներին կենտրոնում համշենահայ երեխաների համար ամառային ճամբար կկազմակերպվի, որպեսզի հայկականությունն ավելի ամրանա նրանց մեջ, հատկապես, ինչպես նշեց Կարեն Գալստյանը, վերջին տարիներին հայկականության զարթոնք կա նրանց մոտ:

Հեռուստամարաթոնը հեռարձակվելու է ԱՄՆ-ի «Geopolitical.TV»-ով, որին միանալու են նաև տարբեր հեռուստաընկերություններ: «Ամերիկայում ինտերնետային հեռուստաընկերությամբ հեռուստամարաթոն անցկացնելու փորձ չկա, մեր նախաձեռնությունն առաջինն է, որը կլինի շարունակական ծրագիր: Մեր հեռահար նպատակներից է նաև աջակցություն ցուցաբերել Ջավախքի այլ շրջանների: Նպատակ ունենք նաև այս նախաձեռնությունների շնորհիվ մարդկանց ծանոթացնել ո´չ միայն Ջավախքի առօրյային, այլև խնդիրներին: Միջացառումը նաև հայ-վրացական բարեկամությանն է ուղղված»,- նշեց Կարեն Գալստյանը և հավելեց, որ ձեռնարկի մասին տեղյակ են պահել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեին, Հարավային Կալիֆորնիայում Վրաստանի հյուպատոս Ֆրանկ Գրեինկեին, Վրաստանում ԱՄՆ-ի Դեսպան Ռոս Ուիլսոնին:

Նախաձեռնությանը միացել են «Հայկական վերածնունդի», «Սասնա ծռերի» լոսանջելեսյան կառույցները, «Ի պաշտպանություն Հայաստանի» կազմակերպությունը, Իրաքահայերի բարեգործական միությունը, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունից ներկայացուցիչներ և այլն: «Մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել նաև բազմաթիվ անհատներ, որոնք ցանկություն ունեն իրենց լուման ներդնելու այս կարևոր գործում: Նախաձեռնության շրջանակներում փորձում ենք կապեր հաստատել նաև սփյուռքյան այլ համայնքների հետ»,- նշեց Կարեն Գալստյանը:

Հեռուստամարաթոնի մեկնարկը հունիսի 2-ին, ժամը՝ 19:00-ին, կտրվի Երևանից՝ «Նոյան տապանի» ստուդիայից, իսկ արդեն ժամը 23:00-ից՝ հեռուստամարաթոնին կմիանան Ամերիկայից: «Մի քանի հեռուստաընկերություններ ինչպես Ամերիկայում, այնպես էլ Հայաստանում, ցանկություն են հայտնել վերահեռարձակելու: Մի քանի ժամով հեռուստամարաթոնը կհեռարձակեն նաև տեղական հեռուստաընկերությունները: Տեխնիկական բոլոր հարցերն այս պահին կարգավորման փուլում են,- նշեց Կարեն Գալստյանը և հավելեց,- մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք այս ծրագրում, որպեսզի իրատեսական գործ անենք և հաջողենք: Սա փորձաքար է, որը ցույց կտա, թե տարբեր կազմակերպություններ, որոնք տարբեր խնդիրներ են լուծում, ինչպես են կարողանալու միասին աշխատել: Հույս ունենք, որ հաջողելու ենք»:

Հավելենք, որ նորաստեղծ «Սփյուռքի միասնության հարթակի» նպատակը 3 հիմնական ռազմավարական ուղղություններով աշխատելն է. Սփյուռքում մեր հայրենակիցներին զանազան աջակցությունների տրամադրում և նրանց շահերի պաշտպանություն, Հայաստանին՝ տնտեսական, գիտական աջակցության կազմակերպում և Հայաստանի շահերի պաշտպանություն դրսում:

Լ.Ա.




Scroll Up