Էստոնիայի հայկական դպրոցի սաները միջազգային փառատոնին ներկայացրել են հայկական մշակույթը

Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը` տնօրեն Ջաննա Շահբազյանի նախաձեռնությամբ, ապրիլի վերջին մասնակցել է «Կովկասյան ռիթմեր» միջազգային փառատոնին, որտեղ «Երազանք» երաժշտական անսամբլի կրտսեր խումբը (ուսուցիչ՝ Ռուզաննա Համբարձումյան) հանդես է եկել «Ջան գարուն» և «Գարուն» երգերով, իսկ ավագ խումբը՝ «Մշո գորանի» պարով, հայկական ազգագրական «Տայք» պարախումբը ներկայացրել է «Կարնո քոչարի» և «Պապուրի» պարերը:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են դպրոցից, փառատոնին հայկական մշակույթը ներկայացրել է նաև Սլավոնական միության «Սլավյանկա» կանանց ակադեմիկական երգչախումբը՝ հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտների մենակատարմամբ (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Ռուսաստaնի վաստակավոր արտիստ Կլոչկովա Ալինա Իվանովնա, խմբավար Գոհար Հովակիմյան, նվագակցող Օլգա Կուլիկովա: Երգչախումբը կատարել է Կոնստանտին Օրբելյանի «Կեչիների աղմուկը», Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» և Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» ստեղծագործությունները: Երգչախմբի հետ համագործակցությունն արդեն բարեկամական բնույթ է կրում՝ պարբերաբար կազմակերպվող միասնական համերգների շնորհիվ:

Scroll Up