ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2018-2019 ուսումնական տարին
«Հայերն այսօր»– Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայապահպանության ու ազգային ինքնության կարևոր դերակատարներից են հայկական դպրոցները, որոնք նաև կարևոր օղակն են աշխարհասփյուռ հայության և հայրենիքի միջև։ Այս կարևոր առաքելության հիմնասյունը մշտապես եղել և մնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր թեմերով և եկեղեցական կառույցներով։
Շուրջ ինը տասնամյակ այս սրբազան ծառայության ջահակիրներից է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, որի կրթական, հոգևոր ու ազգային կյանքն էլ ավելի աշխուժացավ թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի անբասիր ու հայրենաշեն ջանքներով։ Այն հոգածությունը, ուշադրությունն ու հետևողականությունը, որ ցուցաբերում է Սրբազան հայրը հայ մանուկների կրթության, հոգևոր ու հայեցի դաստիարակության գործում՝ անհերքելի իրողություն է։ Եվ նման հոգևոր հոր հայրական հովանու ներքո ծառայելն ու սովորելը պատիվ է և բախտավորություն։
Առաջնորդ Սբազան հոր օրհնությամբ Արևմտան թեմում գործում են բազմաթիվ շաբաթօրյա և կիրակնօրյա վարժարաններ, որոնցից ամենամեծն առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն է, որտեղ սովորում են տարբեր տարիքի շուրջ երեք հարյուր աշակերտ։ Այն աշխարհի մեկօրյա ամենամեծ հայկական կրթական հաստատությունն է։ Դպրոցն որդեգրել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերը և ծրագրերը պատշաճեցվել են Կալիֆորնիայի կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափորոշիչներին։ Կրթօջախն ունի վեց դասարան, որտեղ սովորող երեխաները բաշխված են ըստ լեզվի իմացության։
Ուսումնական տարվա տևողությունը տաս ամիս է։ Դպրոցը 2015թ.-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից ճանաչվել է որպես Մայրենի լեզվի պահպանման լավագույն հաստատություն և արժանացել գլխավոր մրցանակի և դիպլոմի։ Վարժարանի ավարտական վկայականն ամերիկյան հաստատությունների կողմից ճանաչվում է որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր։
Վերջին տարիներին ուսումնական մակարդակի միօրինականացման ու զարգացման նպատակով Առաջնորդարանի գիտակրթական հանձնախումբը՝ գլխավորությամբ դոկտոր Էլլի Անդրեասյանի, համակարգում է թեմապատկան դպրոցների գիտական ծրագրերը, կազմակերպում և իրականացնում ուսուցիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներ։ Վերջիներս նպատակ ունեն մանկավարժներին մատուցելու վերջին գիտական ու կրթական նորությունները և դրանք աշակերտներին փոխանցելու վարպետությունը։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը եկեղեցու ապահով ու լուսասփյուռ հարկի ներքո իրականացնում է հետևողական, լուրջ ծրագիր, որը միտում ունի պատշաճ կազմակերպելու և կյանքի կոչելու ազգային արժեքների և ոսկեղենիկ մայրենիի պահպանման ու տարածման պատասխանատու առաքելությունը։ Այս չափազանց կարևոր աշխատանքին իրենց մեծ նվիրումն են բերում նաև դպրոցի բազմափորձ և արհեստավարժ ուսուցիչներն ու ողջ աշխատակազմը՝ գլխավորությամբ դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի, որի անմիջական հսկողությամբ, անձնվեր ու անսպառ նվիրվածությամբ դպրոցի առօրյան դառնում է հետաքրքիր ու բովանդակալից։
Օրն սկսվում է Ս. Ղևոնդյանց Մայր տաճարի հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի հետաքրքիր ու խրատական հոգևոր զրույցով ու աղոթքով։ Դասերի ընթացքում աշակերտները մասնակից են լինում խոսքի կառուցման, մայրենիի բառապաշարի հարուստ հնչեղությանը, որը յուրօրինակ փորձ է հնչեցնելու և տարածելու մեր սուրբ մայրենին։ Հարկ է նշել նաև, որ հաստատությունն իր առջև նպատակ է դրել ոչ միայն հայոց լեզվի իմացության , այլև հայոց պատմության, մշակույթի և ազգային երաժշտության նյութերի ուսուցմանն ու զարգացմանը։ Դրա վառ վկայությունն են գրական, կրթական և համայնքային միջոցառումների, ինչպես նաև հանդեսների պատշաճ մակարդակով անցկացումն ու իրականացումը։
Ողջ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պատրաստվում և ներկայացնում են տարբեր թեմաներով անհատական և խմբակային աշխատանքներ՝ նվիրված Հայաստանին, հայ մշակույթին, հայոց պատմությանը։ Դրանք մանուկների ձեռքով պատրաստված ու ձևավորված պաստառներ, համակարգչային հղումներ են, որոնք մեծ հետաքրքրություն ու աշխուժություն են մտցնում դպրոցական առօրյայում։
Անցնող ուսումնական տարում տեղի ունեցան մի շարք ներդասարանային և համայնքային միջոցառումներ ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին, աշնանն ու գարնանը, նրանց գույներին, Սուրբ Զատիկին, Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին, Երևանի մատենադարանին, եղան նաև անհատական արվեստի աշխատանքներ ու ազգային ավանդական տարազների վերաբերյալ ցուցադրումներ։
2018 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ս. Ծննդյան և Ամանորի հանդեսը, որին մասնակցում էին բոլոր դասարանների աշակերտները։ Ներկաները ունկնդրեցին աշակերտների գեղեցիկ արտասանությունները, երգերը՝ նվիրված օրվա խորհրդին։ Երեխաներին այցելեց Ձմեռ պապը և իր հետ բերեց այնքան սպասված նվերները։ Ապա Առաջնորդարանի «Թրբանջյան» հրապարակում տոնական եղևնու շուրջ կազմակերպված հյուրասիրությունն ուղեկցվեց երգ ու երաժշտությամբ՝ շարունակելով բարձր տրամադրություն հաղորդել ներկաներին։
Աշակերտները տարին մի քանի անգամ մասնակցում են նաև կիրակնօրյա պատարագներին, որոնցից հիշատակելի է Ծակազարդի թափորին և Մանուկների օրհնության կարգին մասնակցելը։
Ավանդության համաձայն, ապրիլի 24-ի մերձակա շաբաթ օրն աշակերտները հավաքվում են Տաճարին կից Սրբոց Նահատակաց խաչքար հուշարձանի շուրջ, ուր ծաղիկներ են խոնարհում և հարգանքի տուրք մատուցում անմեղ ու սուրբ նահատակներին։
Աշակերտների գիտելիքներն ամփոփվում են տարեկան ավարտական քննություններով, որոնք աշակերտները հանձնում են փայլուն առաջադիմությամբ, որին հետևում է ամավերջին հանդեսը։ Այս տարի այն տեղի ունեցավ մայիսի 18-ին և բաղկացած էր երկու մասից։ Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, ով իր շնորհակալական խոսքն ուղղեց Առաջնորդ սրբազանին, եկեղեցու հովվին, ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին։
Առաջին դասարանցիներն իրենց մանկական շուրթերից հնչեցրին քաղցրիկ մայրենին և խոստացան հավատարիմ մնալ Մաշտոցի պատգամներին։ Ապա եկեղեցում տարածվեց նրանց երգն ու երաժշտությունը՝ ներկաներին պարգևելով մեծ հուզականություն և ոգևորություն։ Հանդիսության ավարտին փոքրիկներին հանձնվեց «Տառաճանաչության վկայականներ»։ 2-5-րդ դասարանի աշակերտներն իրենց անհատական և խմբակային հայրենասիրական երգերով գունավորեցին միջոցառուման երկրորդ մասը, իսկ 6-րդ դասարանի աշակերտները ոգեկոչեցին հայության յոթ հրաշալիքները՝ սիրով ու ջերմությամբ խոսելով մայրության, հայոց լեզվի, հայրենասեր հերոսների ու հայրենիքի մասին։ Հայտագիրը հագեցած էր ճոխ գեղարվեստական կատարումներով։ Ապա արժանաշնորհ տեր Խաժակ քահանա Շահբազյանը, ներկաներին ընթերցեց առաջնորդ Տ․ Հովնան սրբազանի գնահատանքի և օրհնության գիրը և փոխանցեց նաև իր ջերմ բարեմաղթանքները։
Ավարտին 6-րդ դասարանի աշակերտներն ստացան ավարտական վկայականներ, որից հետո բոլորը մասնակցեցին տոնական հյուրասիրության։
Օրվա խորհուրդն ամփոփվեց «Թրբանջյան» հրապարակում, որտեղ շրջանավարտները գունավոր փուչիկներ արձակեցին և իրենց գլխարկները օդում պտտելով՝ ազդարարեցին իրենց շրջանավարտ լինելը։
Հետևում մնացին հանդիսության հուզականությունն ու հանդիսավորությունը, բայց բոլորի աչքերում կար թաքուն ու խորհրդավոր լռություն, որը հրաժեշտ էր հարազատ դարձած դպրոցին ու ուսուցիչներին՝ միևնույն ժամանակ յույսով ու հավատքով, որ նոր ուսումնական տարին, որ մենկարկելու է օգոստոսի 17-ին, լինելու է նույնքան հաջողակ և արգասաբեր։
Ռիմա Եսայան, ուսուցչուհի
Լոս Անջելես
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»