Հանդիպում Կրակովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մայիսի 15-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստանի Մալոպոլսկի վոևոդության Կրակով մարզային կենտրոն, որտեղ հանդիպումներ ունեցավ վոևոդա (նահանգապետ) Պիոտր Չվիկի (Piotr Ćwik), վոևոդության մարշալեկ (նահանգային խորհրդի ղեկավար) Վիտոլդ Կոզլովսկու (Witold Kozłowski) և Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկու (Jacek Majchrowski) հետ:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող, մասնավորապես՝ ապակենտրոնացված և միջմարզային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության խթանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթամշակութային բնագավառներում փոխգործակցության ընդլայնման և համապատասխան գործնական քայլերի ձեռնարկմանն ուղղված հարցեր:

Այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդիպեց Ֆուջիցու (Fujitsu) ընկերության լեհական մասնաճյուղի տնօրինության հետ, որի ընթացքում քննարկվեցին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի հետ նախաձեռնված համագործակցության ընդլայնման հարցեր։

Դեսպան Մկրտչյանն այցելեց նաև Կրակովի Յագելոնյան համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի հայազգի պրոռեկտոր Արմեն Եդիգարյանի հետ: Անդրադարձ կատարվեց համալսարանական կրթական բնագավառի հետագա շփումների ակտիվացմանն ուղղված հարցերին, որի շուրջ քննարկումներ ընթացան նաև վերոնշյալ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև Կրակովի հայկական մշակութային ընկերակցության ներկայացուցիչների հետ:

Այցելության վերջում դեսպան Մկրտչյանը հանդիպեց Կրակովի հայ համայնքի ներկայացուցիչներին, ներկայացրեց Հայաստանում ծավալված իրադարձությունները, ծանոթացավ համայնքային խնդիրներին, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Scroll Up