Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013թ. լավագույն ֆուտբոլիստ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտարարվեց ՀՖՖ-ի ամենամյա մրցանակաբաշխությունում:
Այս տարի 24-ամյա Մխիթարյանը շրջանցեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին: 26-ամյա Մովսիսյանը երկրորդ տարին անընդմեջ գրավեց երկրորդ տեղը, իսկ 23-ամյա Օզբիլիսը եզրափակեց լավագույն եռյակը:
Հենրիխ Մխիթարյանը չորրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ կրկենելով 2009-ի, 2011-ի եւ 2012-ի հաջողությունը: Նա ստացավ 4 միլիոն դրամ պարգեւավճար:
Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ՀՖՖ գործկոմի անդամները, Բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչներն ու լրագրողները:
Հիշեցնենք, որ 2013-ին Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ դառնալով Գերմանիայի փոխչեմպիոնի առանցքային խաղացողներից մեկը: Ուկրաինայի նախորդ առաջնությունում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ եւ, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:
Ֆոտո՝ ՀՖՖ