Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

Երևանի «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են փառատոնի կազմակերպիչները, միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:
«Eventival կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ, հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»: Նշեմ նաև, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,-իր խոսքում նշեց Հասմիկ Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:
Հասմիկ Հովհաննիսյանն առանձնահատուկ շեշտեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողներ կլինեն մասնագետներ նաև այլ երկրներից:
«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը:
Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև GAIFF Pro ծրագրին: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:
Մասնավորապես՝ GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ, կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել են 27 զարգացման, ինչպես նաև 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծերի հայտեր: GAIFF Pro-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:
Փառատոնի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրեց լրագրողների հավատարմագրման կարգը, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://gaiff.am/arm/press/accreditation: Լրատվամիջոցների հավատարմագրումը ևս իրականանալու է Eventival կայքի միջոցով: Հայտերի ընդունումը բաց է մինչև հունիսի 15-ը:
Փառատոնի այլ մանրամասներին հետևեք իրադարձության պաշտոնական՝ http://gaiff.am/arm կայքի միջոցով