Սուրբ Հարության տոնը Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

  Գարնան զարթոնքի հետ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ  նշեց  Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, որը մենք՝ հայերս անվանում ենք «Զատիկ»՝ նկատի ունենալով՝ ծագման ակունքներով հրեական տոնի կապված լինելը։ Ինչպես շարականն է հուշում՝  տոնն իր մեջ պարփակում է Քրիստոսի խաչելության և Հարության խորհուրդը .

          Սէրդ սիրով խոնարհեցար,

            Ի փրկութիւն մեր մարմնացար,

            Նովին մարմնովն խաչեցար,

             Ի գերեզման մահու եղար,

             Այսօր յարեար աստուածաբար,

                 Ի հրեշտակաց քարոզեցար։

 Քրիստոնյա աշխարհի այս լուսաշող տոնը մեզանից ամեն մեկի համար յուրովի է սպասելի. մանուկները շատ են սիրում տոնի առիթով ներկված ձվերն ու քաղցրահամ թխվածքաբլիթները, մեծահասակներիս համար այն հարության մեծագույն խորհրդի հետ հաղորդակցվելու հնարավորություն է։ Քրիստոսի Հարության հրաշքը մեծ տոն է հայերիս համար, քանզի մեզ հզոր լիցք է հաղորդում ազգային ավանդույթներին հարազատ մնալու և քրիստոնյային վայել ապրելու համար: Սուրբ Հարությանը տոնը Զատիկին նվիրված հոգևոր-ժողովրդական տոնախմբությունը Օդեսայի հայերին համախմբեց  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

 Շաբաթ երեկոյան, տոնի առիթով, մասնակցությամբ սուրբ տաճարի ջրօրհնեքի խաչի կնքահոր, եկեղեցական վարչության անդամների և ուխտավոր հայորդիների՝  ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ։ Հընթացս արարողության անդրադառնալով օրվա խորհրդին և նրա կարևորությանը մարդու կյանքում՝  նա ասաց .  « Գարնանային այս խաղաղ երեկոյան վերստին ցնծուն և զվարթ են մեր հոգիները, քանզի մեկ անգամ ևս վստահ եղանք, որ Աստված, Ով իր կյանքը տվեց մեզ համար, անսահման սիրում է մեզ, Իր բարեկամներն է համարում, քանզի «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ .15.13)։

 Այս սքանչելի երեկոն կրկին սփոփանք բերեց մեր հոգիներին, քանզի եկեղեցու կամարների ներքո թևածեց Հարության ավետիսը, հավիտենականության ձգտող մարդու հույսը վերանորոգող երգակցությունը . «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Քրիստոս յարեաւ ի մեռելոց» .  .  .

 Հնչեցին Հարության շարականներ, որոնց ուղեկցությամբ  «բացվեցին   երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նորոգման,  և կենդանություն պարգևեց մարդկային ցեղին»։

  Ս. Պատարագի ավարտին Տեր Հայրը վառեց Հիսուս Քրիստոսին   խորհրդանշող կենսատու մոմը, որը զետեղվեց եկեղեցում, և հավատացյալները հնարավորություն ունեցան՝ իրենց օջախներ տանելու  հարուցյալ Աստվածորդուն մատնանշող կենդանարար  լույսը։

 Հաջորդ առավոտյան, ապրիլի 21-ին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերն ազդարարեցին Հարության Ս. Պատարագի սկիզբը և մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության բուն տոնը։

 Բերկրալի օրվա կապակցությամբ  ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչը՝ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը։  Մեկնաբանելով տոնի խորհուրդը՝ նա արտաբերեց ․«Փա՜ռք տանք Աստծուն, որ գտնվելով հայրենիքից դուրս՝  աղոթելու հնարավորություն ունենք և բարցրաձայնելու` Հարության հրեշտակաբարբառ ավետիսը

                  Փա՜ռք յարութեան Քո, Տէ՛ր,
Ես ոչ դադարեցայց օրհնել զՔեզ
Զամենայն աւուրս
Կենդանութեան իմոյ։

Այսօր լույս խորաններից Հարության ու կյանքի շնորհն է բխում։ Հարության հավատքի մեծ ուժն էր, որ ոգեշնչեց մեր նախնիներին՝ Վարդանանց, Սարդարապատի հերոսներին և արցախյան ազատամարտիկներին՝ մեռնել և ապրել «վասն հավատո և վասն հայրենյաց, եղեռնազարկված ժողովրդին՝ վերածնվել»

 Հընթացս սրբազան արարողակարգի քահանան ընթերցեց

Ն.Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Բ.Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը՝ հղված աշխարհասփյուռ հայությանը, որից հետո

 հոգևոր և մշակութային համայնքների ղեկավարության, նաև ՝  Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի անունից շնորհավորեց օդեսահայությանը և  մաղթեց . «Օրհնյա՜լ լինի Հիսուս Քրիստոսի Հարությունը և զորանա Ձեր հավատքը առ Աստված»

  Ծիսակատարությունը հագեցված էր օրվա խորհրդին համահունչ  հոգևոր տաղերով, շարականներով ու  սուրբգրային ընթերցումներով։

   Այնուհետև, սուրբ տաճարի հրապարակում, միասնական աղոթքից հետո՝  Հարության օրհնություններով, բարեմաղթանքներով քահանան օրհնեց կարմիր ու գարնան բոլոր գույներով ներկված հավկիթները և զատկական մյուս բարիքները, որոնք մարդիկ զամբյուղներով եկեղեցի էին բերել։

   Ավանդույթի համաձայն, կայացավ մատաղի հյուրասիրություն.

չէ ՞  որ  հնում Բաղարջակերաց տոնի առաջին օրը, որը  կոչվում էր նաև Զատիկ, գառ են մորթել. «Այդ օրը Հիսուսը ամեն բան պատրաստել էր, որ զատկական ընթրիքը խաղաղ անցկացնի աշակերտների հետ»

    Համայնքի մանկանց անսահման ուրախություն, հրճվանք պարգևեց մանկական խաղահրապարակի բացման հանդիսությունը՝ եկեղեցու խաչքավորի նախաձեռնությամբ։

  Զատիկը ուրախ քրիստոնեական տոն է՝ հոգևոր բերկրանքի ու ցնծության տոն։ Ուստի, տոնախմբության մասնակիցներին «Վերվերի» պարով ոգևորեց երիտասարդաց միությունը (պարուսույց՝ Ռազմիկ Սարգսյան)։

  Զատկական տոնի բաղկացուցիչ մասն էր բարեգործական ցուցահանդես-վաճառքը.  իր ստեղծագործությունն էր ներկայացրել օդեսահայ նկարիչ Հովիկ Զոհրաբյանը։ Երկար տարիներ ապրելով հայրենի եզերքից հեռու՝ նա մնացել է մոտ հարազատ ակունքներին, նրա գործերում մեծ տեղ էին գրավում հայ ժողովրդի հավերժության առհավատչյա Արարատը, տաճարներն ու եկեղեցիները, քարակոփ վանքերն ու մատուռները

 Օգտվելով պատեհ առիթից, ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ եկեղեցուն առընթեր գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարեգործական ֆոնդը, որը ղեկավարում է օդեսահայ բարերար, նվիրյալ հայորդի Սուրեն Սարդարյանը։ Իր հետաքրքիր ու գեղեցիկ նախաձեռնություններով, ինչպիսին տոնական ցուցահանդես-վաճառքն էր,  բարի ու մարդասիրական գործերով ֆոնդը մեծ հեղինակություն ու ճանաչում ունի ոչ միայն հայության, այլև՝մարզի  բազմազգ հանրության մեջ։

   Իսկ «ոսկեձեռիկ»  հայուհի Լուսինե Սաֆարյանի աշխատանքները հավաստում էին, որ ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի՝ զատկական տոնի առթիվ ընդունված է եղել Կենաց ծառ զարդարելը, որից կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ, որ Զատիկն ունի իր տոնածիսական տիկնիկներն ու զանազան ատրիբուտները․․․

 Այս ամենն ուղեկցվում էր հայկական երգ-երաժշտությամբ։ Մինչ երեկո ուրախ տրամադրությունը թևածում էր եկեղեցու բակում, մարդկանց՝ հավատքով լեցուն հոգիներումկա հրաշքը և անունն է՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ։

 Նարինե  Մուրադյան

 ք.  Օդեսա

 

  

 

 

Scroll Up