Կկայանա «Երևանի գինու օրեր» միջոցառումը

«ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ըկերությունն արդեն երրորդ տարին է կազմակերպում է «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը։ Վերջինս սիրված և սպասված է ո´չ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս։ Այն դարձել է Երևանի այցեքարտերից մեկը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, այս տարի այն տեղի կունենա 2019թ. մայիսի 3-ին և 4-ին, ժամը՝ 17:00-23:00-ին, Սարյան և Մոսկովյան փողոցների՝ համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում: «Երևանի գինու օրերը» նպաստում են Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: «ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերության ռազմավարությունն է՝ մայիսյան արձակուրդ ունեցող երկրներից առավել քանակով զբոսաշրջիկների ներգրավումը և տարածաշրջանում հարևան երկրներից առավել մրցունակ դիրք գրավելը։ Դրա շնորհիվ մեր միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։

«Երևանի գինու օրերի» նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:

Այս երկու տարիների ընթացքում միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման և Հայաստանի տնտեսության զարգացման վրա։ Հայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացնեն շուրջ 200 տեսակ գինիներ, ռեստորանները և սրճարանները կներկայացնեն հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, այս ամենը կուղեկցվի բարձրորակ երաժշտությամբ։

Այս տարի տարածքը շատ ավելի ընդարձակ է։

Ինչպես միշտ միջոցառման մուտքն անվճար է։

Մասնակցեք տոնական այս գեղեցիկ երեկոյին՝ տեսնելու, զգալու, համտեսելու և, իհարկե, վայելելու հնագույն քաղաքի յուրօրինակ մթնոլորտը:

Scroll Up