Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Արարողությանը մասնակցում էին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները, դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։
Նախարար Տոնոյանն ու դեսպան Տողանյանը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, մասնակցեցին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացված մոմավառության արարողությանը։
Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվեց նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում անցկացվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ։