ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին

ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Նպատակն է կողմերի  միջև  դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա  քաղաքացիներին մուտք գործել և մնալ կողմերի պետությունների տարածքում  արձակուրդի կամ զբոսաշրջության  նպատակով: Յուրաքանչյուր կողմ իր ազգային օրենսդրության համաձայն կարող է մյուս կողմի քաղաքացիներին տրամադրել բազմակի մուտքի աշխատանքային և արձակուրդային ժամանակավոր արտոնագիր, որով նրանք կարող են 12 ամիս մնալ այդ պետությունում, որից 6 ամիսը՝ աշխատելու իրավունքով: Այս իրավունքից կարող են օգտվել Հայաստանի և Արգենտինայի 18-30 տարեկան քաղաքացիները՝ դիմելով համապատասխան երկրի  հյուպատոսություն կամ դեսպանություն:

Փաստաթուղթը հնարավորություն է տալիս երկու պետությունների երիտասարդներին, որոնք արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով այցելում են միմյանց երկրներ, կատարել կարճաժամկետ վարձատրվող աշխատանք՝ մասնակիորեն հոգալով իրենց այցի ծախսերը եւ ձեռք բերելով միջազգային աշխատանքային փորձ:

Հայաստանի Հանրապետության ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011 թվականին ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր:

Scroll Up