ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՆՈՒՆ ԶԱՎԱԿԻՆ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ

ԵՐԳՉԱԽՄԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐԻՆ,

ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻՆ,

ՀՀ ԵՎ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻՆ

ՊԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻՆ 

Սիրելի´ մաեստրո,

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր 85-ամյա փառահեղ, շենշող հոբելյանը:

Հայ երաժշտարվեստում դարերով ամբարված ազգային հզոր ներուժը հային հայ պահելու գործում անփոխարինելի առաքելություն ունի. Դուք այն կրելով՝ պատվով ու մեծ ներշնչանքով տասնամյակներ շարունակ լուսավոր գործ եք իրականացնում՝ վառ պահելով հայ դասական մշակույթի անմար կրակը և թողնելով անուրանալի հետք հայ մշակույթի անդաստանում:

Դասականը ժամանակակից է միշտ, որը կա´մ ճանաչվում է իր ժամանակի մեջ, կա´մ նրանից հետո: Ավելի տարածվածը, ցավոք, երկրորդն է, սակայն Ձեր պարագայում, բարեբախտաբար, ժամանակն ուրիշ է, և նրան հոմանիշ չեքիջյանականն, իր դասական կերպարով, ձգվում է դեպի հավերժություն: Յուրաքանչյուր մեղեդու հնչեցում թե´ Հայրենիքում, թե´ Սփյուռքում դառնում է յուրօրինակ հոգևոր-մշակութային տոն` առաջնորդելով սերունդներին դեպի գեղեցիկի, ոգեղենի բարձրագնա տիրույթները, հնարավորություն ստեղծում զգալու երաժշտության զորությունն ու ազդեցությունը: Բացի դրանից` այն իմաստավոր կյանքով ապրելու պատգամ է ու կոչ, իմաստավոր կեցության վառ օրինակ:

Ես հպարտությամբ եմ նշում, որ Ձեր ժամանակակիցն եմ, հնարավորություն ունեմ վայելելու Ձեր մարդկային բացառիկ տեսակը, Ձեր ներկայությունը, կոչելու Ձեզ սիրելի´ մաեստրո, ինչն ակնածանքի, ուրախության պահեր է ստեղծում:

Սիրելի´ մաեստրո, հայ ժողովրդի տաղանդավո´ր, անզուգակա´ն զավակ, մեր հպարտություն, մեր դասական,

Դուք կենդանի դաս և օրինակ եք ոչ միայն երիտասարդության, այլև հայության և մարդկության համար` Ձեր ապրած կյանքով, Ձեր կատարած գործերով, մնայուն և հրաշալի ներկայությամբ:

Կրկին շնորհավորելով` խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեր բարձրակեցիկ, նվիրական գործունեության, Ձեր մաքրամաքուր արվեստի համար և մաղթում առողջ երկարակեցություն:

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

 

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up