Հայերն Ուկրաինայում օտարերկրացիներ չեն. Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ.
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/1-53.jpg)
Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավը (Շևչուկ) AnalitikaUA.net– ի հետ զրույցում կարևորել է հայերի դերը Եվրոպայում Ուկրաինայի մասին տեղեկատվության տարածման գործում: Կիև-Գալիցիայի բարձրագույն արքեպիսկոպոս Սվյատոսլավի համոզմամբ` հայերը Ուկրաինայում օտարերկրացիներ չեն:
«Քրիստոնեությունը, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ հայերի մոտ, մշակութային և կրթական գործոն է, որը դարեր շարունակ ձևավորել է մեր բարոյական արժեքները: Պետք է նշել մի քանի տարրեր: Նախ, դա հարգանք է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու նկատմամբ, որը մեզ բաց է դարձնում համագործակցելու այլ ազգերի հետ», -նշել է Սվյատոսլավը:
Անդրադառնալով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցին` Սվյատոսլավն ընդգծել է, որ նման այցելությունները մեծ խորհուրդ ունեն: «Հայ Առաքելական եկեղեցին վաղ քրիստոնեության եկեղեցի է: Հին քրիստոնյաների միջև կա հատուկ միասնություն, և նման այցելություններն օգնում են մեզ հիշել, թե ինչն է մեզ միավորում: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը, իր պատմությամբ, կարող է լավ օրինակ ծառայել ժամանակակից քրիստոնեության համար», – հավելել է նա: