Կիևում կայացել է «Ուկրաինա-Հայաստան. պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» խորագրով համաժողովը

Ապրիլի 15-ին Կիևում կայացել է «Ուկրաինա-Հայաստան. պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, միջոցառումը նախաձեռնել էին Կիևի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանը, Ուկրաինայի հայերի միությունը, ԿԱՀ երկիրագիտության և զբոսաշրջության ամբիոնը, Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը և Սփյուռքի հետազոտությունների ինստիտուտը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ռեկտորի միջազգային կապերի գծով տեղակալ Պյոտր Բեխը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, ԿԱՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, գիտական գործիչներ և այլ պատվավոր հյուրեր։
Մասնակիցները քննարկել են կարևոր պատմամշակութային հարցեր, որոնք վերաբերել են հայկական մշակութային ժառանգության արդիականացմանը, հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդմանը։ Առաջարկվել է ստեղծել Ուկրաինայի հայերի մասին հանրագիտարան, քննարկվել է երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման հարցը։
Ողջույնի խոսքում Տիգրան Սեյրանյանը նշել է, որ Ուկրաինայի հայերը, Հայաստանում ապրող ուկրաինացիները կապող օղակ են երկու պետությունների, երկու ժողովուրդների միջև։ «Նրանց, համայնքային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերի միության դերը դժվար է գերագնահատել»,- ասել է դեսպանը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է: