«Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը կրկին ոտքի կհանի աշխարհի հայերին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/56262429_809962929360648_2463349458641879040_o.jpg)
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տունը 2018 թվականի մայիսի 26-ին առաջին անգամ կազմակերպեց նախադեպը չունեցող «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը, որը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում: Հաշվի առնելով Սփյուռքի բուռն արձագանքը՝ որոշվել է այս տարի նույնպես կազմակերպել համահայկական շարժումը:
Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Սիրանուշ Խաչատրյանը, 2019 թվականի ծրագիրը նվիրված է հայ մշակույթի երկու կարկառուն դեմքերի՝ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։
«Հավատարիմ մնալով աշխարհասփյուռ հայերին «Քոչարի»-ի շուրջ համախմբելու առաքելությանը՝ այս տարի ընտրել ենք «Կարնո քոչարին»՝ որպես մասնակցության համար առաջնային պար: Քչերը գիտեն, որ Կոմիտասը բացի երգերից, գրի է առել նաև պարեր, որոնցից մեկն էլ Կոմիտասի «Շորոր»-ն է։ Այսինքն, առաջարկում ենք «Կարնո քոչարի»-ից բացի, պարել նաև «Շորոր»-ը և ավանդական «Քոչարի»-ի այլ տարբերակներ՝ ըստ ցանկության»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ակնկալում են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող հայերի ակտիվ մասնակցությունը:
Հավելենք, որ այս նախաձեռնության նպատակն է ցույց տալ հայ ժողովրդի համախմբվածությունը, ինչպես նաև նպաստել հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
Համահայկական շարժմանն արդեն մասնակցելու ցանկություն են հայտնել Ֆրանսիայի տարբեր քաղաքների, Շվեյցարիայի Նոշատել քաղաքի, Թբիլիսիի, Հելսինկիի, Ամստերդամի, Հոնգ Կոնգի, Մոսկվայի, Ուրուգվայի, Բրազիլիայի, Աթենքի հայկական համայնքների և Երևանի, Գյումրիի տարբեր պարախմբեր:
Պարերի մասին համառոտ տեղեկությունները և ուսուցողական հոլովակները կարող եք գտնել aripariqochari.com կայքում, շուտով նաև «Արի պարի Քոչարի» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում:
Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝
www.facebook.com/aripariqochari/
info@aripariqochari.com
www.aripariqochari.com