Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Այցի շրջանակներում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Աննա Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում: Նրա խոսքով՝ Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, սակայն, նոր իրավիճակում Սփյուռքից այլ օգնություն է ակնկալվում:

Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ հայ համայնքի հետ:

 «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ:

Scroll Up