Սոչիում համշենահայերի պատմությանը նվիրված թանգարան է բացվել

Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի Նոր Լույս (Ալտմեց) գյուղում բացվել է Համշենահայերի պատմությանը նվիրված ազգագրական թանգարան:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, թանգարանի բացումը մեծ իրադարձություն է շրջանում ապրող համշենահայերի համար, որոնց նախնիները 19-րդ դարի կեսերին և 20-րդ դարասկզբին՝ Հայոց ցեղասպանությունից հետո, Կովկասի Սևծովյան ափեր են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Համշեն բնակավայրից:

Թանգարան հիմնելու գաղափարը պատկանում է Նոր Լույսի բնակիչ Արտավազդ Արշակի Ավջյանին, որի նախնիները ևս Արևմտյան Հայաստանից են: Նա դեռևս 30 տարի առաջ խնամքով հավաքել է լուսանկարներ, կենցաղային առարկաներ, գրքեր, փաստաթղթեր, նվագարաններ, որոնք պատկանել են այն հայերին, որոնք եղել են գյուղի առաջին բնակիչները:

Այս ամենն էլ հիմք է ծառայել նորաբաց ազգագարական թանգարանի ցուցադրության համար: Թանգարանը գտնվում է Նոր Լույսի Սուրբ Նարեկ Հայկական Առաքելական եկեղեցուն կից շենքում:

Թանգարանի բացումը և օրհնության կարգը կատարել է Սոչիի Սուրբ Խաչ Հայկական Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կոմիտասը:

Այնուհետև թանգարանի հիմնադիր Արշակ Ավջյանը ներկայացրել է թանգարանի ցուցանմուշները, խոսել նպատակների մասին և ընդգծել այն կարևոր նշանակությունը, որը թանգարանը ունենալու է ո´չ միայն գյուղի, այլև Կրասնոդարի երկրամասում ապրող հայ բնակիչների համար:

Իր խոսքում թանգարանի հիմնադիրը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն մարդկանց, որոնք նպաստել են թանգարանի կայացմանը:

Բացմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի Սոչիի «Սևան» տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Հմայակ Ուստյանը, տեղակալ Մարկոս Քեսյանը, համայնքի ներկայացուցիչներ և այլք: Բացման առիթով Մարկոս Քեսյանը թանգարանին է նվիրել օրերս Երևանում լույս տեսած «Համշենը հայկական ձեռագրերում» գիրքը:

Scroll Up