Հայկական «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիա»-ի միջոցառումները Լոնդոնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/5-3.jpg)
Հայտնի օպերային երգիչ, խմբավար և դաշնակահար Սիփան Օլահը Մալթայի Հանրապետությունում մոտ մեկ տարի տևած և շռնդալից հաջողություն բերած համերգաշարն ավարտելով` վերջապես վերադարձավ Լոնդոն, և միայն իրեն հատուկ ջանասիրության բերումով հանդիսատեսին երկար սպասել չտվեց: Անմիջապես ձեռնամուխ եղավ «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիա»-ի փորձերի և համերգների վերսկսմանը, ինչպես նաև մենահամերգի նախապատրաստական աշխատանքներին:
Արվեստասերների և համայնքի կյանքում հատուկ նշանակություն ու կարևորություն ունեցող երկու ծավալուն միջոցառումներով առանձնացավ մարտ ամիսը: Առաջինը մարտի 15-ին տեղի ունեցած համերգն էր Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատան և համայնքի կողմից կազմակերպված ամենամյա« Ռուսական Մասլեննիցա» փառատոնին՝ Լոնդոնի Ուեստմիստերյան Ջոն Սմիթ Սքվեր համերգասրահում: Վերոհիշյալ միջոցառմանն առաջին անգամ իր մասնակցությունը բերեց Քլինգեն երգչախումբը, որը ոչ միայն ռուսական երգչախմբի հետ միացյալ կատարեց ռուսական ժողովրդական «Մասլեննիցա» երգը, այլև ազգային կոլորիտը ներկայացնող Ստեփան Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգերի շարքը»: Խիստ տպավորիչ էր նաև Ա. Պուշկինի և Մ. Գլինկայի հեղինակած «Հիշում եմ հիանալի ակնթարթը» ռոմանսը՝ Սիփան Օլահի անզուգական կատարմամբ:
Երկրորդ միջոցառումը մարտի 23-ին Քենսինգթոնի թագավորական համայնքի Սբ. Քաթբեթ վեհաշուք եկեղեցում տեղի ունեցած համերգ-ցուցահանդեսն էր` «Սիրային երգեր և արիաներ» խորագրով, որին, բացի հանրահայտ տենոր Սիփան Օլահից, իրենց մասնակցությունն էին բերել նաև լիրիկական սոպրանո, ջութակահարուհի Հայարփի Եղիկյանը, դաշնակահարուհի Ինգրիդ Չանը, ինչպես նաև անվանի նկարչուհի Լեոնի Փիլարդը (Փիլավջյան): Միջոցառման շրջանակներում հնչեցին եվրոպացի և հայ կոմպոզիտորների` Ա. Սաթի, Վ. Մոցարտ, Է. Գրիգ, Ֆ. Վեսեյ, Վ. Կոտոյան, Ալ. Հարությունյան, Մ. Գլինկա, Ռ. Ռոջերս, Ի. Գերշվին, Վ. Սանդերսոն, Ս. Բիկսիո, թվով տասնհինգ արիաներ և երգեր` յոթը լեզուներով, ստեղծագործություններ, որոնցից շատերն արդեն իսկ արժանացել էին մալթացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը՝ 2018 թ. Մալթայի Հանրապետությունում տեղի ունեցած շուրջ 40 համերգների ընթացքում:
Ծրագիրը բարդ էր, ընդգրկուն և պահանջում էր կատարողական բարձր մակարդակ, ինչը հիանալի կերպով իրականացրեց հանրաճանաչ երգիչը:
Համերգի եզրափակիչ հատվածում Հայարփի Եղիկյանի և Սիփան Օլահի կատարմամբ հնչեցին Կուրտիսի և Ֆ. Լեհարի երկու զուգերգ, որոնք համերգը բարձրակետին հասցրեցին: Բոլորն, իսկապես, վայելեցին արվեստի մոգական ազդեցությունը, որն աշխարհը դարձնում է առավել բարի ու կատարյալ: Լոնդոնյան երաժշտասեր հասարակությունը, և հատկապես հայ համայնքը, գեղագիտական մեծ հաճույք ստացավ երիտասարդ երգչի տպավորիչ կատարումներից: Հանդիսատեսի հիշողության մեջ դեռ երկար կարձագանքեն Սիփան Օլահի թավշյա ձայնը, Հայարփի Եղիկյանի լիրիկական սոպրանոյի վճիտ թրթիռները, Ինգրիդ Չանի մատնադրոշմները դաշնամուրի ստեղնաշարին, ավելին, հնչող գլուխգործոցները զարմանալիորեն ներդաշնակում էին վեհաշուք եկեղեցու հոգեթով կամարներին, Լեոնի Փիլարդի վրձնի մոգական հարվածներին: Ի դեպ, սա նկարչուհու երկրորդ համատեղ ձեռնարկն էր Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի հետ: Այս անգամ նա ներկայացավ իր ծաղկանկարների շարքով: Հարգանքի տուրք մատուցենք հանրահայտ նկարչուհուն. այս տարի նա նշում է իր ստեղծագործական գործունեության հիսուն տարին:
Այս միջոցառման մասնակցությունը մեկնարկ էր, որին հաջորդելու են ցուցահանդեսներ Լիբանանում, Հայաստանում և ԱՄՆ-ում: Մեծագույն հպարտությամբ պետք է նշենք նաև, որ միջոցառմանը ներկա էր Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի Արքայական Համայնքի ղեկավար, քաղաքապետ Մարի Թերեզ Ռոսսին, որն իր ներկայությամբ պատվեց ձեռնարկի մասնակիցներին, միևնույն ժամանակ ցույց տալով նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը: Նկարչուհի Փիլարդը նրան նվիրեց «Ղարաբաղի աղջիկը» կտավը, որը ջերմորեն ընդունվեց բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:
Հատկանշական մի փաստ ևս. համերգին ներկա էին անգլիական և հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրեր, քաղաքական և մշակութային ճանաչված գործիչներ, որոնք միախառնված բազմազգ հանդիսատեսին ընբոշխնում էին տպավորիչ կատարումները: Հարկ է նշել, որ համերգին ներկա էին ռուս համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչը հավելյալ անգամ ապացուցեց նորաստեղծ բարեկամության կենսունակությունն ու կարևորությունը:
Այո, այսպիսի միջոցառումների կազմակերպումը ոչ միայն մասնագիտական բարձր որակներ է պահանջում, այլև կազմակերպական հսկայածավալ աշխատանք, և հիանալի է, որ մեզանում կան այնպիսի երիտասարդ կարող ուժեր, որոնք ջերմացնում են համայնքային կյանքն ու երաժշտության միջազգային լեզվով մեր ազգային մշակույթը դարձնում ճանաչելի, զգալի, նկատելի:
Նաիրուհի Պետրոսյան, Լոնդոն
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»