Ավարտին են մոտենում հայաստանցի պարուսույցի դասընթացները Բրազիլիայում. լուսանկարներ

Հայաստանից հրավիրված պարուսույց Համազասպ Ասլանյանը, որը Համազգային հայ կրթական և մշակութային միության Բրազիլիայի մասնաճյուղի հրավերով գտնվում էր Սան Պաուլոյում՝ միության «Արևիկ», «Կիլիկիա» և «Ծիրանի» պարախմբերին հայկական ազգագրական պարեր ուսանելու, շուտով կվերադառնա Հայաստան:

«Պարուսույցը հունվար, փետրվար, մարտ ամիսներին ամեն օր պարի փորձեր էր կատարում համայնքի տարբեր շրջաններում՝ մեր փոքրիկների սրտերում բորբոքելով սերը դեպի հայրենիք և այն երազը, որ մի օր նրանք պարեն Հայաստանի հողի վրա»,- «Հայերն այսօր»-ին հայտնում են Համազգայինի Բրազիլիայի մասնաճյուղից:

Նախորդ շաբաթվավերջ համայնքի մոտ 80 անդամ մեկտեղվել են՝ մասնակցելու Համազասպին հրաժեշտ տալու առիթով կազմակերպված հավաքույթին, միաժամանակ ցուցադրելու այն ամենը, ինչը նրանք սովորել են անցնող ամիսների ընթացքում և փաստելու, թե որքան օգտակար և ազդեցիկ է եղել Համազասպի ներկայությունը Բրազիլիայի համայնքում:

«Միության փոքրիկ պարողները այժմ պատրաստվում են մեկ այլ ներկայացման՝ «Կիլիկիա» պարախմբի անդամներ Աննա Զատիկյանի և Նատալիա Սարգսյանի առաջնորդությամբ: Հուսով ենք, որ այսուհետ էլ կկարողանանք նման մշակութային կապեր հաստատել Բրազիլիայի և Հայաստանի միջև»,-«Հայերն այսօր»-ին հայտնում են Համազգայինի Բրազիլիայի մասնաճյուղից:

Հավելենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության Բրազիլիայի մասնաճյուղն արդեն մի քանի տարի է՝ ձեռնամուխ է լինում նման ծրագրերի իրականացմանը՝ հեռավոր Բրազիլիայում նպաստելով հայապահպանությանն ու հայկական մշակույթի տարածմանը: Իսկ վերջերս կայացած Բրազիլիայի կարնավալին ունեցել էր նաև իր համեստ ներդրումը: Համազասպ Ասլանյանը միության «Կիլիկիա» պարախմբին առաջնորդել էր Կարնավալի ժամանակ, որի ընթացքում Հայաստանն այս տարի ներկայացվեց Սան Պաուլոյի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») սամբայի դպրոցի կողմից՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: «Կեցցե Հայաստան» ծրագրի ընթացքում, որը  բաղկացած է եղել 5 մասից, ներկայացվել են հայկական մշակույթի և պատմության դրվագներ՝ սկսած Նոյ նահապետից մինչև մերօրյա Հայաստան, քրիստոնեության ընդունում, հայոց գրերի գյուտ, Հայոց ցեղասպանություն, Հայաստանի Առաջին Հանրապետությանը և այլն:

Scroll Up