Առաջին անգամ Սուրբ Պատարագ է մատուցվել Շվեյցարիայի Նոշատել քաղաքի հայկական կենտրոնում

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Վարդապետ Ալճանյանը մարտի 17-ին Նոշատելի հայկական հոգևոր և կրթամշակութային նորաբաց կենտրոնին կից եկեղեցում առաջին անգամ Սբ. Պատարագ է մատուցել:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Պատարագին մասնակցել են համայնքի անդամները և կենտրոնի հիմնադիրները:

Հոգեշնորհ Հայր Սուրբն իր քարոզում ներկաներին պատգամել է նմանօրինակ նախաձեռնությունները հաճախակի դարձնել, միշտ հավատարիմ մնալ քրիստոնեական մեր հավատքին, հոգևոր և մշակութային արժեքներին: Պատարագի ավարտին բոլորը միասնաբար աղոթել են, որից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն: Հետայսու Պատարագ կմատուցվի յուրաքանչյուր ամսվա երրորդ կիրակի օրը:

Նույն օրը կայացել են նաև պարի հերթական և հայերենի առաջին դասընթացները:

Հավելենք, որ Նոշատելի հայկական կենտրոնի նպատակը, որը  բացվել է փետրվարի 10-ին հայ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ, հոգևոր արժեքների, հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի պատմության, հայ ավանդական պարերի, երգ-երաժշտության ուսուցման, պահպանման ու տարածման միջոցով տեղի հայ զավակներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալն ու հայապահպանությունն է, ինչպես նաև Շվեյցարիայի հայկական համայնքի տարածաշրջանի անդամներին համախմբելը:

 

Scroll Up