Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի աճյունն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը
Մարտի 15-ին Կ. Պոլսի Գում Գափու թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Պոլսո պատրիարքի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը, որի կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Արարողության ընթացքում Խաժակ արքեպիսկոպոսն ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունից հրաժեշտի արարողությանը մասնակցել են Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեմեզյանը և Անթիլիասի Մայր Տաճարի լուսարարապետ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը:
Արարողությանը մասնակցել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմ, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալին, Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը,Ստամբուլի քաղաքապետը և այլք:
Վերջին օծման և հուղարկավորության պատարագիչը եղել է Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հրաժեշտի արարողությունից հետո Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի աճյունն ամփոփվել է Պոլսի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
Հավելենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որը Պոլսի հայոց 84-րդ գահակալն էր 1998 թվականից, մահացել է մարտի 8-ին, 62 տարեկան հասակում։