«Կեցցե Հայաստան» ծրագիրը բրազիլական կառնավալում 3-րդ տեղն է զբաղեցրել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հանրահռչակ սամբադրոմում մարտի 2-ին տեղի ունեցած Բրազիլիայի ազգային կառնավալին ելույթ է ունեցել նաև Սան Պաուլոյի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») սամբայի դպրոցը` «Կեցցե Հայաստան» ծրագրով:
Ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից: Յուրաքանչյուր մաս ներկայացրել է հայկական մշակույթի և պատմության որևէ դրվագ՝ սկսած Նոյ նահապետից մինչև մերօրյա Հայաստան: Անդրադարձ է կատարվել քրիստոնեությանը, հայոց գրերին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի Առաջին Հանրապետությանը և այլն: Այդ ամենը մանրամասն մեկնաբանվել է Բրազիլիայի խոշորագույն «Globo» հեռուստաընկերության միջոցով: Որպես հատուկ հյուր՝ կառնավալին մասնակցել է նաև պոլսահայ երգչուհի Սիբիլը:
«Կառնավալին մասնակից 14 դպրոցները բաժանվել էին երկու խմբի: «Rosas de Ouro»-ն իր ««Կեցցե Հայաստան» ծրագրով ելույթ ունեցավ մարտի 2-ին: Մինչև կառնավալի սկիզբը հորդառատ անձրև էր տեղում, ինչը մեզ շատ էր մտահոգել: Բարեբախտաբար, կառնավալի ժամանակ այն դադարեց: Չնայած մեր ելույթը կեսգիշերն անց էր, ժամը՝ 02:45-ին, այնուամենայնիվ, մենք մեր տեղերը զբաղեցրել էինք ժամեր առաջ: Երբ ներս մտավ մեր շքեղ զարդարված կառքը, հուզմունքս կրկնապատկվեց: Կառնավալին մասնակցելու հրավերը ստացած ժամանակից՝ այդ օրվա, այդ պահի մասին էի մտածում: Աննկարագրելի հուզված և ուրախ էի,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիբիլը և հավելեց,- ամեն ինչ այնքան հեքիաթային էր, տպավորիչ: Ինձ համար մեծ պատիվ էր հայկական մշակույթին (Արամ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրին և շատ-շատերին) նվիրված կառքի մեջ լինել ու այդ ամենի մի մասնիկը զգալ: Երբ հայտարարվեց, որ սկսվում է «Վիվա Հայաստան» խորագրով երաժշտական շոուն, բոլորս խաչակնքվեցինք ու իրար հաջողություն մաղթեցինք»:
«Rosas de Ouro» սամբայի դպրոցի՝ կառնավալի շքերթին մասնակից 2300 մարդկանցից շուրջ 500-ը հայեր են եղել: Հազարավոր մարդկանց ձեռքերին ծածանվել է Հայոց եռագույնը:
Մարտի 5-ին տեղի է ունեցել քվեարկությունը: «Rosas de Ouro» սամբայի դպրոցն իր հայկական թեմաներով ծրագրով 14 սամբայի խմբերի մեջ գրավել է 3-րդ տեղը:
«Այս ամենը շատ հուզիչ էր: Մարդիկ շատ տպավորված էին, բայց կարևորը ժյուրիի կողմից լավ գնահատական ստանալն էր: Շատ լավ և ուժեղ մրցակիցներ կային, և 3-րդ տեղը գրավելը մեզ համար մեծ ուրախություն է: Մարտի 8-ին հաղթողները կրկին ելույթ պետք է ունենան: Եվ մենք նույն ուրախությանն ու պատվին պետք է արժանանանք: Սա բոլորիս հաղթանակն է»,-նշեց Սիբիլը: