Ուկրաինայի հայերը նշում են Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցը
Ուկրաինայի հայերը Սումգայիթում հայկական ջարդերի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացնում:
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն տեղի կունենա: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net -ը, այս մասին կայքին հայտնել է Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը: Աղոթքը կանցկացվի Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Սպասվում է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությունը:
Ուկրաինայի հայերի միության մամլո ծառայության հաղորդմամբ, կազմակերպության հովանավորությամբ մարտի 2-ին Այրումում ( ՀՀ Լոռու մարզ) տեղի կունենա Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը:
Կայքը նշում է, որ երկրի շատ մարզերում հայկական համայնքները ավանդաբար անցկացնում են Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ: Սումգայիթում հայերի կոտորածների մասին նյութը ցուցադրվել է հայտնի ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` չորս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 20 խաչքար է տեղադրվել երկրի տարբեր մարզերում: