Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ Եկատերինբուրգում

Փետրվարի 24-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում «Ակունք» գրական ակումբի շրջանակներում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ` «Թումանյանն ամենուր է» խորագրով: Թումանյանական շնչով էր լցված կիրակնօրյա հայկական դպրոցի թե´ դասարանները, թե´ միջանցքերը: Ցերեկույթի կազմակերպիչներն էին ուսուցիչներ Անահիտ Կարապետյանը և Նաիրա Թորոսյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կրթօջախից, Անահիտ Կարապետյանի բացման խոսքից հետո Հովհ. Թումանյանի կենսագրությունն ներկայացրեց Նաիրա Թորոսյանը: Դպրոցի միջին խմբի աշակերտները ներկայացրին Թումանյանի բանաստեղծությունները, քառյակները, «Բարեկենդան» հեքիաթը՝ չմոռանալով նշել նաև տոնակատարության, տոնին բնորոշ հատուկ բաղադրիչների մասին:

Ներկաներն անմասն չմնացին, և իրենք էլ Ամենայն հայոց բանաստեղծին իրենց խոնարհումն արտահայտեցին իրենց խոսքով. տպավորիչ էր գրական ակումբի անդամ Դմիտրիի` Հովհ. Թումանյանի «Արջաորս» պատմվածքի անկեղծ, ջերմ ու հետաքրքիր մատուցումը:

Ընթերցվեցին նաև Հովհ. Թումանյանի նամակները՝ ուղղված զորավար Անդրանիկին, Ավ.Իսահակյանին: Ցերեկույթն ուղեկցվում էր բանաստեղծի խոսքերով գրված երգերով՝ փորձառու, բազմավաստակ տիկին Վերոնիկայի նվագակցությամբ:

Եզրափակեց ցերեկույթը տնօրեն Արմեն Բաղդասարյանը` արտասանելով «Թմկաբերդի առումը» պոեմը: Խոնարհումի ցերեկույթները շարունակելի են:

Scroll Up