Սումգայիթը կմնա հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ. հիշատակի միջոցառումներ Ռումինիայում

Այս տարի լրացավ Սումգայիթյան ջարդերի 31-րդ տարելիցը: 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ: Տարբեր ազգությունների կողքին այնտեղ ապրում էին նաև շուրջ 18 000 հայեր, որոնց համար 1988 թվականի փետրվարյան օրերը դարձան ճակատագրական՝ նույն ծրագրված ցեղասպանությունը, նույն դահիճների ձեռքով: Պատմությունը կրկնվում էր:

Այս առիթով փետրվարի 24-ին Բուխարեստում և Ռումինիայի Հայոց թեմի մյուս հայաշատ քաղաքներում, հավարտ կիրակնօրյա Ս. Պատարագների, տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ և հիշատակի միջոցառումներ: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկայի: Սուրբ պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում «ապրիր և հիշեցրու» բնաբանով մեկ անգամ ևս հիշեցրեց ներկա հավատավոր բազմությանը սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձությունների մասին՝ մասնավորապես նշելով. «Սումգայիթը հավերժ պիտի մնա հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, իբրև ծանրագույն ոճրագործություն և ծրագրված ցեղասպանություն: Ամեն մի հայորդի, աշխարհի ցանկացած անկյունում, պարտավոր է ապրել ու հիշել իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, հիշել ու հիշեցնել աշխարհին, հիշեցնել ու պայքարել հանուն արդարության ու ոճրագործների դատապարտության, պայքարել ու հզորանալ՝ թույլ չտալով այլևս նմանատիպ հանցանքների կրկնություն, ինչը ցեղասպանություն է: Բայց քանի դեռ մեր հավաքական հիշողության մեջ չի մոռացվել մեր պատմությունը, մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել, ստեղծագործել՝ կերտելով ավելի լուսավոր ապագա, բայց երբեք չմոռանալով անցյալի մութ ու խավար էջերը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից: Անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և բռնությունների, որի ականատեսներն ենք այսօր»:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև: Խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:

Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվան

Scroll Up