«Մայրենին իմ սրբությունն է» խորագրով խաղ-մրցույթ Ախալքալաքում

Փետրվարի 24-ին Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում (ԱԵԿ) անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ «Մայրենին իմ սրբությունն է» խորագրով, որին մասնակցեցին 2 թիմ՝ կազմված կենտրոնի ավագ սաներից։ Մրցույթն սկսվեց ԱԵԿ-ի երգարվեստի խմբակի երաժշտական կատարումներով և հայոց լեզվի և գրականության խմբակի աշակերտուհի Վալենտինա Ղարղարյանի գեղեցիկ ասմունքով՝ նվիրված մայրենի լեզվին։ Հաղորդավարներ Օլյա Գևորգյանը և Ալբերտ Ալեքյանը պատմեցին Մայրենիի միջազգային օրվա մասին և տվեցին մրցույթի մեկնարկը։

Մրցույթը բաղկացած էր 4 փուլից․ առաջին փուլում մասնակիցները երեք լուսանկարներից պետք է ընտրեին պահանջվող գրողի լուսանկարը, երկրորդ փուլում նշեին տվյալ ստեղծագործության հեղինակին, երրորդ փուլում՝ պատասխանեին քերականական հարցերին և չորրորդում՝ որոշակի ժամանակահատվածում կատարեին քերականական առաջադրանքները։ «ԱՅԲ» և «ԲԵՆ» թիմերի պատասխանները գնահատելու համար ընտրված էր ժյուրի՝ կազմված Երիտասարդական կենտրոնի և Ջավախքի հայկական դպրոցների փորձառու բանասեր-մանկավարժներից (Վաչագան Ռստակյան, Սիլվա Ղարղարյան, Լարիսա Սերոբյան, Սուսաննա Կուրղինյան, Անահիտ Ավետիսյան)։ Գնահատելուն զուգահեռ ժյուրին մասնակիցներին տվեց հավելյալ հարցեր՝ լրացնելով աշակերտների պատասխանները իրենց պարզաբանումներով։

Երկու թիմերը գրեթե համազոր էին, բայց վերջին փուլի արդյունքները որոշիչ եղան։ Հաղթող ճանաչվեց «ԲԵՆ» թիմը և ստացավ I կարգի դիպլոմ։ Մրցույթի բոլոր մասնակիցների և երգչախմբի սաների համար նախատեսված էին հուշանվերներ։

ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ժյուրիին մասնակցության և իրենց կատարած աշխատանքի համար և խորհուրդ տվեց աշակերտներին ավելի խորությամբ ուսումնասիրել հայոց լեզուն, զբաղվել ընթերցանությամբ և խոսել գրական հայերենով։ Ժյուրիի անդամները, բարձր գնահատելով նմանատիպ մրցույթների անցկացումը, առաջարկեցին ավելի հաճախակի դարձնել դրանք՝ ընդգրկելով աշակերտներ մյուս կրթօջախներից ևս։

Scroll Up