Դաքքայում երիտասարդ օտարազգի զույգը պսակադրվել է 1781թ.–ի Ս. Հարություն հայկական եկեղեցում

Բանգլադեշի հնագույն քրիստոնեական վանքում երկար տարիներ անց առաջին անգամ պսակադրության արարողություն անցկացվեց։
Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ 1781 թվականին կառուցած Դաքքայի հայկական Սուրբ Հարություն եկեղեցում պսակադրության արարողություն է տեղի ունեցել։ Հաղորդում է «Sputnik Արմենիան»:
«Եկեղեցու վերակացուի թույլտվությամբ մի քանի տարվա դադարից հետո առաջին անգամ Դաքքայի հայկական եկեղեցում հարսանիք անցկացվեց։ Սուրբ Հարություն վանքում փետրվարի 15-ին տեղի ունեցավ Ռոնալդ Դասի և Մրիդուլա Հայդենի պսակադրության արարողությունը։ Ռոնալդ Դասը տեղի բժիշկ է, և մոտակա շաբաթների ընթացքում մենք նրա հետ միասին անվճար բժշկական կլինիկա ենք բացելու», – գրված է եկեղեցու Facebook–ի պաշտոնական էջում։
Հարսանեկան արարողությունն անցկացրել է սուրբ Բիսվասը, այնուհետև երջանիկ զույգի հարազատների և մտերիմների համար ընդունելություն է տեղի ունեցել։
XVIII–րդ դարից սկսած Բանգլադեշում ծաղկում էր հայկական համայնքը, որը կարևոր դեր էր խաղում քաղաքի առևտրի, քաղաքական և կրթական ոլորտներում։ Այդ համայնքն արդեն վաղուց գոյություն չունի, սակայն Սուրբ Հարություն եկեղեցին, որը գտնվում է Հին քաղաքի ամենակենտրոնում` ժամանակին հայաբնակ Արմանիտոլա (մինչ օրս պահպանել է անվանումը) թաղամասում, շարունակում է մեծ թվով զբոսաշրջիկների գրավել։ Սա երկրի հնագույն քրիստոնեական վանքերից է։ Դաքքա այցելած զբոսաշրջիկներից շատերը Սուրբ Հարություն եկեղեցին must see կատեգորիային են դասում։