Մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին` այս տարի $ 20 000 դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է: Այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»,- ասել  է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ եւ տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը:

Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները եւ դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը: Առանձին պատուհաններով կտրամադրվի նաեւ ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի եւ մանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ եւ այլն:

«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ  հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի եւ Արեւմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարեւորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը եւս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Ավրորան» արդեն չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում: 2015թ. դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն է ստացել ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում:

2016-ին տրամադրված դրամաշնորհով Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվել են Գերմանիայում:

2017թ. դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ:

Պատրաստվում է նաեւ գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարների եւ գիտաշխատողների համար:

Scroll Up