Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մելբուռնի մեկօրյա վարժարանների աշակերտների հետ

Փետրվարի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:

«Հրաշափառի» արարողության ավարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ «Ակինյան» և Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա վարժարանների աշակերտների հետ:

Երկու կրթօջախների տնօրենների բարիգալստյան ջերմ խոսքերից հետո աշակերտները հանդես եկան փոքրիկ գեղարվեստական հայտագրով:

Այնուհետև մանուկներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով լինել մեր սուրբ նախնյաց արժանավոր ժառանգները, իրենց բարեջան և ուշիմ ուսումնառությամբ դառնալ ազգի նվիրյալ զավակներ` կերտելու հայոց բարօր ու պայծառ կյանքը:

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը բերեց վարժարանների տնօրեն կազմին և մանակավարժներին` բարձրորեն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում իրենց կողմից ներդրվող անդուլ ջանքերը, հանձնառությունն և նվիրումը:

Scroll Up