Օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն առաջադրվել է օպերային «Օսկար»-ի

Աշխարհահռչակ երգչուհի, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Լիտվայից առաջադրվել է հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակի (The International Opera Awards), որը ոչ պաշտոնապես անվանում են օպերային «Օսկար»։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում իր էջում գրել է Գրիգորյանը` հայտարարելով, որ շնորհակալ է և շատ հպարտանում է դրանով։
2017 թ.–ի մայիսին (35 տարեկանում) Հասմիկ Գրիգորյանը դարձել է The International Opera Awards–ի հաղթող «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում։ 2005 թ.–ին արժանացել է «Բեմի ոսկե խաչի» լավագույն դեբյուտի համար, իսկ 2010 թ.–ին` «Բեմի ոսկե խաչի»` լավագույն կատարման համար։
Հիշեցնենք, որ Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում` երգիչներ Իրենա Միլկյավիչյուտեի և Գեղամ Գրիգորյանի ընտանիքում։ 2005 թ.–ից ելույթ է ունեցել որպես Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար։ Ելույթ է ունեցել Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում, գրում է Sputnik Արմենիա-ն։