ԱՄՆ-ի հայկական վարժարանները հարձակման թիրախ են դարձել

Հունվար 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ Էնսինոյի Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանը և Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը հարձակման թիրախ են դարձել, որը ոստիկանությունը բնութագրել է որպես` «ատելության միջադեպ»: Հարձակման ընթացքում թուրքական դրոշներ են կախվել վարժարանների տարածքում:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին հայտնում է, որ եթե Ֆերահյան վարժարանում ամրացված են եղել 11 թուրքական դրոշ, ապա Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ երկուսը:
Ֆերահյան վարժարանում տեղադրված անվտանգության տեսախցիկների նյութերը դիտելուց հետո կարելի է եզրակացնել, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, առավոտյան ժամը 4-ի սահմաններում, երբ դիմակավոր անձը սկսել է դրոշակներ ամրացնել նախ Վայթ Օքս պողոտային հարող ցանկապատի վրա, ապա այլ վայրերում:
Ոստիկանությունը հետաքննությունն է սկսել հայկական երկու վարժարանների վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով:
Ծնողներին հղված նամակում Ֆերահյան վարժարանի տնօրեն Սոսի Շանլյանը գրում է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել աշակերտների անվտանգությունը երաշխավորելու համար: Իսկ օրվա ընթացքում արդեն աշակերտները սկսել են Հայաստանի հավելյալ դրոշներ կախել վարժարանի տարածքում:
Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տնօրինությունը ևս նման բովանդակությամբ նամակ է հղել վարժարանի ծնողներին: