«Զինվորական համազգեստն ինձ մեծ ուժ է տալիս ». հայրենադարձ զինվոր Նարեկ Ռուշանյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/01/narek.jpg)
«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Մեքսիկայից հայրենադարձված Ռուշանյանների բազմանդամ ընտանիքի տղաներից՝ արդեն տասնհինգ օր Հայոց բանակի N զորամասի զինվորների շարքերը համալրած Նարեկ Ռուշանյանն է:
Զրույցի ընթացքում Նարեկն անդրադարձել է բանակում ծառայելու որոշմանը, զինվորական առօրյային, միաժամանակ փաստելով, որ իր ապագան Հայաստանում է տեսնում, իսկ ծառայությունից հետո բարձրագույն կրթություն է ստանալու՝ հմտանալով տնտեսագետի մասնագիտության մեջ:
Օտարության մեջ պահպանել ենք մեր ինքնությունը…
-Ծնվել եմ Էջմիածին քաղաքում: 3 տարեկան էի, երբ 2003 թվականին ընտանիքով հաստատվեցինք Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Այնտեղ ապրելու տարիներին միշտ երազել եմ Հայաստան վերադառնալու մասին: Հայերով մեկ բռունցք դարձած՝ օտարության մեջ պահպանել ենք մեր ինքնությունն ու ավանդույթները: Պարտադիր նշում էինք բոլոր տոները: Տանը հայրս խստորեն հետևում էր, որ միայն հայերեն խոսեինք, իսպաներեն խոսելու դեպքում՝ նախատում էր մեզ: Չնայած այնտեղ հայկական համայնք չկար (մայրաքաղաք Մեխիկոյում էր համայնքը), բայց դա չի խանգարել չհեռանալ արմատներից:
Տասնմեկ տարի ապրելով Մեքսիկայում՝ հայրիկիս մահից հետո 2014 թվականին տեղափոխվեցինք Հայաստան: Արդեն մտադրվել էի վերադառնալուց հետո ուսումս հայկական դպրոցում շարունակել, և, անպայման, պարտքս հանձնել հայրենիքիս առջև. չէ՞ որ յուրաքանչյուր հայ տղա պետք է ծառայի բանակում:
Ճիշտ է, դժբախտաբար, մեր վերադառնալու առիթը հայրիկիս մահը եղավ, բայց, ինչպես ասում են, Աստծո գործերն անքննելի են, ի վերուստ այդպես էր կանխորոշված: Հայրիկս նույնպես ծառայել է բանակում: Նրա պատիվը բարձր պահելու համար՝ փորձելու եմ լավ ծառայել, որ լուսահոգի հայրիկս երկնքից ինձ նայի ու հպարտանա:
Երկու տարի պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել ՀՀ զինված ուժերում…
-Շատ գոհ եմ զինվորական ծառայությունից. ոչ մի լարվածություն չկա, համակերպել եմ բանակային առօրյա կյանքին: Սիրով և ուրախությամբ եմ կրում զինվորական համազգեստս, այն ինձ մեծ ուժ է տալիս: Հպարտ եմ նաև, որ կկարողանամ մասնակցություն ունենալ հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին, այդպիսով խղճիս առջև հանգիստ կզգամ: Երկու տարի պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել ՀՀ զինված ուժերում:
Ինձ շատ են ոգեշնչում Մոնթեն ու Վազգեն Սարգսյանը: Նրանց կերպարը պետք է օրինակ հանդիսանա մեզ համար: Տեղյակ եմ այն պատմություններին, թե ինչպես են նրանք պատերազամի ամենածանր օրերին գոտեպնդել, խիզախության կոչեր արել զինվորներին՝ բարձր պահելով տղաների մարտական ոգին:
Շնորհավորելով հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նախ մեզ՝ զինվորներիս, ցանկանում եմ անփորձանք ծառայություն, խաղաղ վերադարձ մեր ընտանիքներ, իսկ Հայաստանի սահմաններին՝ անսասանություն: Թո՛ղ հայ ժողովուրդը բոլոր դժվարությունները համախմբված հաղթահարի:
Գևորգ Չիչյան