Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Հունվարի 22-ին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: