Տեղի կունենա «Վլադիմիր Վիսոցկի. Հայաստանն իմ սրտում է» գրական-երաժշտական ներկայացումը

Հունվարի 25-ին՝ ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում կայանալու է գրական-երաժշտական ներկայացում։ Դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վլադիմիր Վիսոցկի. Հայաստանն իմ սրտում է» խորագրով միջոցառմանը պոետի ամենահայտնի և ամենասիրված ստեղծագործությունները կարդալու են Ս.Փարաջանովի անվան մոսկովյան թատրոնի դերասանները։ Հյուրերը երեկոյի ընթացքում կբացահայտեն նաև Վիսոցկու կյանքի ամենաանսպաելի էջերը՝ կապված Հայաստանի և հայկական եկեղեցում նրա մկրտության առեղծվածի հետ։
Միջոցառման կազմակերպիչն է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնը։
Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938 թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։ Երկար կյանք չի ունեցել, բայց հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում։
Վ.Վիսոցկին մահացել է 1980 թվականին: