Իրանահայ բանաստեղծներին, գրողներին և թարգմանիչներին նվիրված միջոցառում Թեհրանում

Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն «Հուսկ» հաստատության և գեղարվեստական ու մշակութային «Բոխարա» հանդեսի համագործակցությամբ հունվարի 14-ի Թեհրանում կազմակերպվել էր երեկո՝ նվիրված իրանահայ բանաստեղծներին, թարգմանիչներին և գրողներին:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ բանախոսությամբ 4 բանախոսներ յուրովի ներկայացրեցին իրանահայ մշակույթի գործիչների դերը Իրանի գիտամշակութային ոլորտի զարգացման բնագավառում:

Որպես առաջին բանախոս՝ «Բոխարա» հանդեսի տնօրեն Ալի Դեհբաշին անդրադարձավ հայ ժողովրդի պատմական տվյալներին և հայ թարգմանիչների և գրողների մատուցած ծառայություններին՝ թվարկելով բազմաթիվ անուններ: Նա անդրադարձավ նաև «Բոխարա» հանդեսի միջոցով կազմակերպված բազմաթիվ գրական երեկոներին, որոնց թվում քիչ չեն եղել հայ մշակութային գործիչների ներկայացումը:

Բանախոսներից Ղավամեդդին Ռազավիզադեն իր ծավալուն նյութը բաժանել էր հիմնականում երեք շրջանների. Իրանի սահմանադրական շարժումից առաջ, Սահմանադրական շարժման տարիներ և արդի ժամանակաշրջան: Նա մանրամասն անդրադարձավ յուրաքանչյուր ժամանակաշրջանի հայ գրողների, թարգմանիչների ու մտավորականների անժխտելի դերակատարությանը՝ միջազգային և հայկական գրականությունը իրանական հասարակությանը ծանոթացնելու գործում: Նա հայ թարգմանիչներից կամ գրողներից յուրաքանչյուրին ներկայացնում էր իրենց ստեղծագործական աշխատանքների միջոցով: Նա նաև անդրադարձավ «Պայման» հանդեսին աշխատակցող մտավորականներին:

Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը անդրադարձավ, թե իրանահայերն ինչպիսի դերակատարություն են դրսևորել Իրանի մշակութային կյանքում: Նա նշեց, որ Իրանի մշակույթի, նկարչության, ճարտարապետության, մի խոսքով՝ արվեստի գիտության և գրականության բնագավառում հայերը չեն խնայել իրենց կարելին, անդրադարձավ իրանական ու հայկական մշակութային ընդհանրություններին: Նա ավելացրեց, որ Իրանում հայերը եղել են նորարարության կրողները և քանի որ իրանցիների մոտ հայերը միշտ էլ հարգանք ու համբավ են վայելել, ուստի հասարակությունը ընդունել է իրանահայերին: Նա կարևորությամբ անդրադարձավ Իրանի գիտական, մշակութային և արվեստի զանազան բնագավառներում իրանահայ ականավոր դեմքերին և կարևորեց իրանահայ արհեստավորների անժխտելի դերը Իրանի հասարակության վստահությունը շահելու առումով: Բանախոսն իր ելույթի ընթացքում թարգմանիչներին համարեց մշակույթների կապող օղակ:

Վերջում «Հուսկ»-ի վարչության նախագահ Իսիկ Յունանեսյանն անդրադարձավ արդի շրջանի հայ մտավորականներին:

Վերջում նա գնահատանքով անդրադարձավ Ալի Դեհբաշիի մասին, որի միջոցով կամ նախաձեռնությամբ իրականանում են հայ և իրանցի ժողովուրդների մշակութային արժեքները ներկայացնող բազմաթիվ միջոցառումներ:

Հատկանշական է, որ ընթացքում ցուցադրվեց «Հուսկ»-ի պատրաստած փաստավավերագրական տեսաֆիլմը, որը անդրադառնում էր հայ ժողովրդի դասական, դյուցազնական և արդի գրականությանը և այն հարվածին, որ Հայոց ցեղասպանությունը, բացի մարդկային կորստից, վնաս պատճառեց նաև հայ գրականությանը: Ցուցադրվեց նաև «Բոխարա»-ի կազմակերպած միջոցառումների հակիրճ տեղեկությունները փոխանցող տեսաֆիլմ:

Միջոցառման գեղարվեստական բաժնում դաշնամուրային կատարումներով ելույթ ունեցավ Արմեն Ասատրյանը: Կազմակերպվել էր նաև «Հուսկ»-ի ու «Բոխարա»-ի հրատարակությունների ցուցահանդես:

Scroll Up