Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը:

 

Scroll Up