Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնը նշում է հիմնադրման 50-ամյակը

Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնի և Մելքոնյան համաշխարհային նախաձեռնություն հիմնադրամի համագործակցությամբ  հունվարի 19-ին իրականացվեց «Ապրող սփյուռք» խորագիրը կրող մեկօրյա ձեռնարկը, որը  նվիրված էր ամբիոնի 50-ամյակին և ներառում էր մի շարք միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ծրագրին մասնակցեցին առաջատար գիտնականներ և մտավորականներ, ինչպես նաև համալսարանի լավագույն ուսանողները (UCLA-ում սովորում է 1000-ից ավել հայ ուսանող): Ներկայացվեցին և քննարկվեցին հայոց լեզվի ուսուցմանը և նրա կենսունակության պահպանմանը միտված աշխատանքները՝ շեշտը դնելով Սփյուռքի երիտասարդության շրջանում ստեղծարար լեզու և մշակույթ զարգացնելու առկա հնարավորությունների վրա:

Իրականացված երեք միջոցառումները կրում էին «Հայկական արմատներ և լեզու՝ կապեր, բաժանումներ, տենչանքներ և ապագա» խորագիրը: Դրանց ընթացքում տեղի ունեցան երեք րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթում եզրափակիչ փուլ անցած տեսանյութերի ցուցադրություն և մրցանակաբաշխություն, «Կենդանի լեզու» մասնագիտական-երիտասարդական ասուլիս և քննարկում: Այն ղեկավարեց Գյուլբենկյան հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Անդրադարձ կատարվեց Սփյուռքում հայոց լեզվի ուսուցմանը, մոտեցումներին ու մեթոդներին, ինչպես նաև կենդանի լեզվի պահմանմանն ու տարածմանը՝ հակառակ գոյություն ունեցող այն միտումներին, որ լեզուն հետզհետե վերածվում է ծիսական գործածության գործիքի:

Միջոցառումներն ամփոփվեցին «Ապրող սփյուռք» համերգով, որին մասնակցեց 50 անձից կազմված հատուկ նվագախումբ՝ ներկայացնելով ժամանակակից և ավանդական կատարումների համադրումներ, երաժշտական նոր մշակումներ:

Հավելենք, որ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնը հիմնադրվել է 1969թ. «Հայոց լեզու և մշակույթ» ծրագրի բացմամբ: Այն Կալիֆորնիայի համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող ամենահին ամբիոնն է: Համալսարանի Երաժշտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ամբիոնում դասավանդվում է նաև հայկական երաժշտություն: Կալիֆորնիայի համալսարանում գործում է հայոց պատոմության ամբիոն, հայ հնագիտության և ազգագրության ծրագիր:

Մելքոնյան Համաշխարհային Նախաձեռնություն հիմնադրամը սկսել է գործունեություն ծավալել վերջին տարիներին՝ նպատակ ունենալով պահպանել պատմական և խորհրդանշական արժեք ներկայացնող հայկական հաստատությունները և ապահովել դրանց կենսունակությունը:

Scroll Up