Հայաստանցի պարուսույցի շնորհիվ բրազիլահայ երիտասարդները ցանկանում են այցելել Հայաստան

2019 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին Համազգային հայ կրթական և մշակութային միության Բրազիլիայի մասնաճյուղի «Արևիկ», «Կիլիկիա» և «Ծիրանի» պարախմբերն առիթ ունեն Հայաստանից հրավիրված պարուսույցի դասընթացների օգնությամբ ուսանել հայկական ժողովրդական պարեր:
Դասընթացներն ընթանում են շաբաթը 6 օր՝ տարբեր խմբերի մասնակցությամբ: «Արդեն զգում ենք պարուսույցի ազդեցությունը մեր երիտասարդների զգացմունքների վրա, որոնք մեծ եռանդով սկսել են պարապել և ցանկանում են այցելել հայրենիք, որպեսզի մայր հողի վրա վայելեն մեր անցյալից ժառանգած պարերի բերկրանքը»,- «Հայերն այսօր»-ին հայտնում են Համազգայինի Բրազիլիայի մասնաճյուղից:
Պարուսույցը Բրազիլիայում է լինելու մինչև մարտի վերջը: Նա «Կիլիկիա» պարախումբն առաջնորդելու է նաև Բրազիլիայի Կարնավալի ժամանակ, որի ընթացքում Հայաստանն այս տարի ներկայացվելու է Սան Պաուլոյի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») սամբայի դպրոցի կողմից: