«Հայաստան» հիմնադրամը տարբերանշանի մրցույթ է հայտարարում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է Հիմնադրամի տարբերանշանի և վերաոճավորման (rebranding) առաջարկների բաց մրցույթ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ մանրամասնելով, որ մրցույթը նպատակ ունի վերաիմաստավորելու Հիմնադրամի դերը՝ որպես Համահայկական ամբողջական ներուժը միավորող, մեր Հայրենիքի հանդեպ հոգատարություն դրսևորող կառույցի։ Տարբերանշանի վերաոճավորման հայեցակարգը պետք է ներառի Հիմնադրամի անվանումը հայերեն («Հայաստան» համահայկական հիմնադրամ) և դրա կիրառման հնարավորություն տա նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։ Տարբերանշանը պետք է լինի ժամանակակից ու նորարարական լուծումներով, արտահայտի Հիմնադրամի առաքելությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները կամ անձինք՝ անկախ բնակության վայրից, մասնագիտությունից և քաղաքացիությունից։ Մշակված առաջարկի փաթեթը պետք է ներառի տարբերանշանի էսքիզն ու դրա կիրառման հնարավոր տարբերակները։ Այն պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ հայերեն կամ անգլերեն, առավելագույնը 10 էջից բաղկացած Adobe Acrobat Reader (PDF) ձևաչափով, որը չպետք է գերազանցի 20 ՄԲ-ը։
Հայտի փաթեթը պետք է կազմված լինի մի շարք բաղադրիչներից, այդ թվում՝ տարբերանշանի էսքիզից, ունենա կիրառման հնարավոր լուծումներ (գունավոր, մոնոխրոմ, մեծ չափերով՝ պաստառի վրա, փոքր չափերով՝ այցեքարտի համար, տարբեր այլ կիրառման հնարավորություններ), գաղափարի հակիրճ տեքստային նկարագրություն, գաղափարի հեղինակների մասին տեղեկատվություն, ինչպես նաև յուրաքանչյուրի մասնակցությունը ներկայացված փաթեթի մշակման գործում։
Հավելենք, որ հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 16-ը ներառյալ: Հայտը պետք է ուղարկել d.banuchyan@himnadram.org էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում նշելով New Himnadram Re-Branding բառակապակցությունը։

Լավագույն 3 տարբերանշանների ընտրությունը տեղի կունենա փետրվարի 18-22-ն ընկած ժամանակահատվածում: Հանրային քննարկումը կկայանա փետրվարի 23-27-ի ընթացքում: Վերջնական տարբերանշանի ընտրությունը տեղի կունենա մարտի 8-ին:

Scroll Up